15/02/2024 09:47
«Հրապարակ». Վահան Քերոբյանը ինքնակամ չի հեռացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահան Քերոբյանը երեկ կեսօրին Ֆեյսբուքում գրեց իր հեռանալու մասին, որից հասկացվեց, որ նա ինքնակամ չի հեռացել` հեռացրել են։ «Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլեւս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն 6 օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, 3 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով»,- գրել է նա:
Կառավարության մեր աղբյուրներին հարցրինք, թե ինչու է հեռանալու տեքստն այսքան էմոցիոնալ ստացվել: Պարզվում է՝ նրա նկատմամբ անհարգալից են վերաբերվել․ դիմում գրելու հրահանգը նա ստացել է ոչ թե վարչապետից, այլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից: Ի դեպ, արդեն ավանդույթ է դառնում` Փաշինյանը հարկ չի համարում իր սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներին բացատրել, թե ինչու չի ուզում այլեւս իրենց հետ աշխատել, հրահանգը փոխանցում է «չերեզով»:
Ըստ որոշ լուրերի, այդպես է վարվել նաեւ Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Իսկ Քերոբյանի ազատումը փորձում են մտցնել էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալված կոռուպցիոն պատմության ներքո, սակայն տեւական ժամանակ լուրեր կային, որ նման պահանջ են ներկայացրել իշխանության սորոսական փայատերերը: Ինքը՝ Քերոբյանը, պնդում էր, որ խոսք չի կարող գնալ կոռուպցիայի մասին, որ վարույթներից մեկով պետությունը վնաս չի կրել, մյուսով էլ գնահատման խնդիր կա, եւ այդ քրգործը վնասելու է ծրագրերի իրականացմանը»։