16/02/2024 12:34
ՊԵԿ-ը հարկ վճարելու ծանուցում է ուղարկել բացառապես օրինական աշխատող «խոպանչիներին». Փորձագետը՝ որոշման ռիսկերի ու դրանից խուսափելու տարբերակների մասին
2024թ. հունվարի 20-ից սկսած՝ դիմել են մի շարք ՀՀ քաղաքացիներ, ովքեր 2022-2023թթ. աշխատել են ՌԴ-ում և հունվարից ՊԵԿ-ից ստացել են նամակներ, որ իրենք հարկային պարտավորություններ են խախտել ՀՀ-ում. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի հարցերով փորձեգետ Տաթևիկ Բեժանյանը։
Ըստ նրա՝ դիմած քաղաքացիներից բոլորն անխտիր եղել են օրինական հիմքերով աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրերով աշխատած անձինք։ «Նրանց համար ՌԴ-ում վճարվել են հարկեր, թե որքա՞ն է վճարվել՝ այդ քաղաքացիները տեղյակ չեն եղել։ Այնուհետև ՀՀ-ում իրենք տեղեկացել են՝ բացի նրանից, որ իրենց համար ՌԴ-ում հարկեր են վճարել, դարձել են նաև ՀՀ-ի հարկային պարտավորությունները խախտած անձինք»,-ասաց նա։
Ըստ Բեժանյանի՝ պարզվում է, որ 2018-ին ԱՊՀ երկրները համաձայնագիր են ստորագրել՝ հարկային տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ։ 20-ին ՀՀ-ն համաձայնագիրը վավերացրել է և 20-ից սկսած՝ ստացել է տեղեկությունները։
Մասնագետը բացատրեց, որ եթե անձը հարկային ռեզիդենտ է հանդիսանում ՀՀ-ում, այսինքն՝ եթե ՀՀ-ում գտնվել է տարվա մեջ 183 և ավելի օր, անկախ նրանից՝ աշխատել է ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս, ինքը հանդիսանում է ռեզիդենտ ՀՀ-ում։
«Հիմա խնդիրը ԵԱՏՄ համաձայնագրի մեջ է, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար, եթե աշխատանքային պայմանագիր են կնքում, միանգամից հարկվում է 13 տոկոս, եթե հարկային տարվա ավարտից հետո է դուրս գալիս, պետք է հաշվարկ կատարել և երկրի սահմանած երկմտահարկի տարբերությունը ևս վճարել»,-ասաց նա և նշեց, որ այդ քաղաքացիների հարկային պարտավորությունն այդպես էլ հաշվարկված է։
«Անարդար վրաբերմունք է մեր աշխատանքային միգրանտների նկատմամբ։ Բոլորը օրինական աշխատանքային պայմանագրով աշխատողներ են։ Ստացվում է, որ նրանք, ովքեր անօրինական են աշխատել, պայմանագրով չեն աշխատել, կամ հարկեր չեն վճարել, ավելի շահեկան վիճակում են հայտնվել»,-ասաց նա և նշեց, որ սա կարող է ունենալ շատ ավելի վատ հետևանքներ։
Անձը գնաց ՌԴ, մուտքի պահից ունի 30 օր՝ միգրացիոն հաշվառում կատարելու, անցնելու բուժզննում, մատնահետք տալու և կնքելու աշխատանքային պայմանագիր։ Դրանցից որևէ մեկը չանելու պարագայում նրա միգրացիոն հաշվառումը կդադարեցվի և պետք է լքի ՌԴ-ն։
«Ցավոք, աշխատանքային շահագործման հիմնական դեպքերը եղել են ՌԴ-ում և պայմանավորված են եղել նրանով, որ գործատուի և աշխատողի միջև եղել են անառողջ հարաբերություններ։ Մեր միգրանտներին հորդորում եմ որևէ դեպքում չգնալ այդ քայլին, որպեսզի խուսափեն, այս խնդրի առաջ չկանգնեն, չկնքեն պայմանագիր»,-ասաց նա։
Փորձագետն այլ տարբերակ առաջարկեց, որ ՀՀ-ից դուրս կարող են գտնվել 183+1 օր ավելի։ «Այդ պարագայում նրանք չեն հանդիսանա ՀՀ-ի համար ռեզիդենտ և այս պարտավորությունն իրենց համար չի ծագի»,-ասաց նա։
Նա նաև նշեց, թե ՊԵԿ-ն ինչ է առաջարկում մեր աշխատանքային միգրանտներին, որ անեն։
Ըստ նրա, հարկային պարտավորությունները վճարելու համար մատնանշած քայլերից աշխատանքային միգրանտների 90 տոկոսը գաղափար չունեն։ «Նշանակում է, որ ստիպված են լինելու վարձեն հաշվապահներ»,-ասաց նա։