16/02/2024 23:51
Ինչու՞ է «վարակիչ» հորանջելը
Հորանջելը բնական երևույթ է, երբեմն, սակայն, հորանջելը շատ հաճախ է կրկնվում, այնինչ առաջին հայացքից ակնհայտ պատճառներ չկան։ Նման դեպքում պահանջվում է զգոնություն, քանի որ դա կարող է կապված լինել որևէ ախտաբանության հետ։
Հորանջելը խորը ներշնչում է, որը տեղի է ունենում անգիտակցորեն՝ անկախ մեր կամքից։ Այն մեր կողմից չվերահսկվող ռեֆլեքս է։ Մենք լայնորեն բացում ենք բերանը, կատարում խորը ներշնչում, որի արդյունքում դեպի թոքեր ավելի շատ թթվածին է մտնում, քան սովորական շնչառության ժամանակ, այսինքն, տեղի է ունենում թոքերի խորը վենտիլյացիա։
Հորանջելն անհրաժեշտ է օրգանիզմին՝
այն թթվածնով ապահովելու համար,
ուղեղի արյունամատակարարումը (սնուցումը) բարելավելու համար,
նյարդային համակարգին աջակցելու համար։
Հաճախ հորանջելու բնական (ֆիզիոլոգիական) պատճառներից ամենահայտնին և տարածվածը քնկոտությունն է։ Բոլորին հայտնի է, որ երբ ցանկանում ենք քնել, ապա սկսում ենք հորանջել։ Տվյալ դեպքում հորանջելով՝ ուղեղը մատակարարվում է թթվածնով և մնում է ակտիվ վիճակում։ Նույն պատճառով սկսում ենք հորանջել առավոտյան արթնանալիս, հատկապես, եթե սովոր չենք այդ ժամին արթնանալ։ Հորանջելն օգնում է արթնանալ և անցնել ակտիվ վիճակի։
Հոգնածությունը ևս ստիպում է հորանջել։ Երբ հոգնած ենք, օրգան-համակարգերի աշխատանքը դանդաղում է, շնչառությունը դառնում է մակերեսային, արյան մեջ բարձրանում է ածխաթթու գազի պարունակությունը։ Այս պարագայում հորանջելն ուժեղացնում է արյունամատակարարումը՝ նպաստելով օրգանիզմից ածխաթթու գազի հեռացմանը։
Մտավոր գերլարվածությունը ևս հորանջելու պատճառներից է, որն ակտիվացնում է հոգնած ուղեղը։
Սկսում ենք հորանջել նաև նյարդային լարվածության, անհանգստության ժամանակ։ Դա պայմանավորված է նյարդայնանալու ժամանակ թթվածնի մեծ ծավալի ծախսով։
Տոթ, ծխախոտի ծխով լի տարածքներում, մարդկանցով լի մետրոյի վագոններում սկսում ենք հորանջել, քանի որ թթվածինը պարզապես չի բավարարում։ Նույն պատճառով սկսում ենք հորանջել նաև կայծակից առաջ, ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, կամ բարձր լեռնային շրջաններում։
Ինքնաթիռում գտնվելիս հորանջելն օգնում է հավասարեցնել ճնշումը միջին ուղեղում, որի շնորհիվ վերանում է ականջների փակվածությունը։
Հորանջ կարող են առաջացնել որոշ դեղամիջոցներ, մասնավորապես՝ հակադեպրեսանտները, հակահիստամինային միջոցները, որոշ ցավազրկողներ։
Վաղուց ստուգված է այն կարծիքը, որ հորանջելը «վարակիչ է»։ Մարդկանց մոտավորապես 60%-ը սկսում է հորանջել, երբ տեսնում է հորանջող մարդու, նույնիսկ` կինոյում կամ հեռուստացույցով։ Թե ինչու է դա տեղի ունենում, մինչև հիմա պարզ չէ։ Տեսություններից մեկով այս հայելային հորանջը բացատրվում է էմպատիայով՝ ապրումակցման ունակությամբ։ Սա հաստատվում է այն փաստով, որ աուտիստները, լիովին սուզված իրենց աշխարհի մեջ, ինչպես նաև մինչև 5 տարեկան երեխաները, չեն ենթարկվում հայելային հորանջին։ Իսկ ահա տիրոջ հետ հուզականորեն խիստ կապված շները սկսում են նրա հետևից հորանջել։
Հորանջը միշտ չէ, որ անվնաս է, այն կարող է վկայել մի շարք ծանր հիվանդությունների մասին՝ լինելով դրանց ախտանիշներից մեկը, ինչպիսիք են՝
սիրտ-անոթային հիվանդությունները, նախաինֆարկտային կամ նախակաթվածային վիճակները,
էպիլեպսիան,ուղեղի չարորակ կամ բարորակ ուռուցքը,
զարկերակային թերճնշումը,
ցրված սկլերոզը,
վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները, մասնավորապես` հիպոթիրեոզը,
երակային անբավարարությունը,
լյարդի ախտաբանությունները,
նևրասթենիան և նևրոզը։
Սա բացատրվում է նրանով, որ այս բոլոր հիվանդություններն, այս կամ այն չափով, կապված են արյունամատակարարման խանգարման հետ, իսկ դա նշանակում է, որ առկա է թթվածնային անբավարարություն, ինչը կոմպենսացվում է արտահայտված հորանջով։
Եթե հորանջը չի անցնում նույնիսկ այն ժամանակ, երբ հանգստացել և քնել եք, գտնվում եք թարմ օդում կամ լավ օդափոխված տարածքում և տևում է արդեն մի քանի օր, պետք է դիմել բժշկի, քանի որ երևույթը կարող է վկայել որևէ հիվանդության մասին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ