16/02/2024 13:17
Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
Հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։
Այդ ժամանակահատվածում Քերոբյանին կարգելվի իր փաստացի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող իր բնակարանում, հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ, կարգելվի ունենալ նամակագրություն, օգտվել հաղորդագրության այլ ձևերից։ Քերոբյանին կարգելվի ունենալ նաև հեռախոսային խոսակցություններ, բացառությամբ՝ շտպօգնության, իրավապահ մարմինների կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայության կանչի։
Քերոբյանը հայտարարեց, որ դատարանի այս որոշումը կբողոքարկվի։
Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին:
Երեկ Քերոբյանին հրավիրել էին Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել։ Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5-ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են:
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին: ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն՝ փոխելու Աշոտ Հովանեսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները:
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: