16/02/2024 15:21
Ակնհայտ է, որ մեր բանակին պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել. Սարգսյան (Տեսանյութ)
Ալիևը չի ակնարկել, նա մի քանի անգամ պահանջել է, որ մեր Սահմանադրությունը փոխեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս պահին կառավարության կողմից այդ հարցում ժամանակ շահելը նպատակ ունի իրենց իշխանությունը երկարաձգելու.
«Եթե այս մարդիկ 3 տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա ժամանակն իրենց համար ի՞նչ նորություն պետք է բերի։ Միգուցե իրենց թվում է, որ ինչ-որ հրաշք տեղի կունենա և Ադրբեջանը պահանջները հետ կքաշի։ Չի կարող այդպիսի բան լինել։ Կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը և մենք արդեն գործ ունենք մեկը մյուսով փոխարինելու հետ։ Այսինքն՝ այն կամքը, որը ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ-որ տեղ փորձում են դրանով կոմպեսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությունը»։
Հարցին, թե նոր պատերազմ հնարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց.«Պատերազմ լինում է այն կողմերի միջև, որոնք գոնե ինչ-որ չափով կարող են ռազմական երկար գործողություններ իրականացնել։ Ես դժվարանում եմ խոսել մեր բանակի կարողությունների մասին, որովհետև ստույգ տեղեկություններ չունեմ, բայց որ չկա այդ կամքը, մեր բանակին պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել, դա ակնհայտ է։ Երբ քո թշնամու, հակառակորդի պահանջով դու շատ արագ, ժամերի ընթացքում խոստանում ես, որ հետաքննություն կիրականացնես ու մեղավորներին կգտնես կրակոցների համար, ապա վաղ մեր զինվորները նույնիսկ ցանկություն էլ չեն ունենա դիմադրելու, քանի որ այդ դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն իրականացնել և պատժեն»։