16/02/2024 17:44
Ինչու են տուգանում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ կատարող տաքսիստներին
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2024թ․ փետրվարի 9-16-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Մեկշաբաթյա մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 10 տրանսպորտային միջոց։
Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։ Սահմանված կարգի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, իսկ ուղեսրահում՝ ուղևորին տեսանելի մասում պետք է տեղադրված լինի սակաչափիչ, մեքենան պետք է ունենա համապատասխան կահավորում՝«Աէրոտաքսի» գրառում և տաքսու շախմատաձև տարբերանշան»։