17/02/2024 15:30
ԱԺ-ում հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում հանձնաժողովը բաց եւ կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է:
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները: Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր: «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը եւ արձանագրել. «Չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է եւ ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Դրա կարեւոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին՝ Յուրի Վորոբյովը փաստել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է եւ կշարունակի աջակցել այս բարդ քաղաքական գործընթացի խաղաղ կարգավորմանը: