17/02/2024 19:11
ԱՄՆ-ն նախատեսում է զինամթերքի նոր խոշոր խմբաքանակ մատակարարել Իսրայելին․ The Wall Street Journal
Միացյալ Նահանգները նախատեսում է տասնյակ միլիոնավոր դոլարների զինամթերք մատակարարել Իսրայելին՝ չնայած հրադադար հաստատելու մասին կոչերին, որոնք ԱՄՆ-ն ուղղում է հակամարտող կողմերին, գրել է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան իշխանությունները մտադիր են Իսրայելին տրամադրել մոտավորապես 1000 MK-82 ռումբ, KMU-572 ճշգրիտ ուղղորդման սարքեր և պայթուցիչներ՝ KMU-572 ռումբերի համար:
Զինամթերքի մատակարարման գործարքը դեռ քննարկման փուլում է, ԱՄՆ վարչակազմի կողմից այն հաստատվելուց հետո Կոնգրեսն իր հերթին պետք է համաձայնություն տա։
Ըստ հրապարակման՝ զինամթերքը տրվելու է տրվելու է Իսրայելին՝ Ռաֆահում ռազմական գործողության համար․ այստեղ ապաստան են գտել 1 միլիոնից ավելի պաղեստինցիներ․ Ռաֆահը հանդիսանում է հումանիտար օգնության բաշխման կենտրոն։
Հատկանշական է, որ Իսրայելին մեծածավալ զինամթերք մատակարարելու նախաձեռնությունը քննարկվում է մի փուլում, երբ ամերիկյան վարչակազմն Իսրայելին շատ ավելի հաճախ է հրապարակային կոչեր ուղղում՝ նվազագույնի հասցնել Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերը:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է մոտավորապես 21 հազար ռումբ, իսրայելցի զինվորականներն օգտագործել են մոտավորապես կեսը։