17/02/2024 18:36
Նավթը չէ կարևոր, այլ՝ մարդկային ռեսուրսը. հրեաները դա ապացուցում են. Արմեն Մինասյան (Տեսանյութ)
«Ռեսուրսները, անշուշտ, կարևոր են, բայց ռեսուրսները նաև անեծք են։ Հատկապես 20-րդ դարում նավթը, նավթավերամշակման գործընթացը բավականին բացասաբար են ազդել այն հասարակությունների վրա, որոնք հանկարծակի նավթ են հայտնաբերել։ Խոսուն է Նորվեգիայի օրինակը, որը տասնամյակներ շարունակ եղել է կոռուպցիայի բացակայության տեսանկյունից գլոբալ առաջատարը, իսկ նավթ հայտնաբերելուց հետո աստիճանաբար զիջել է դիրքերը»,-«Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը:
«Մենք պետք է հասկանանք, որ նավթը ժամանակավոր է։ Իհարկե, մի մարդու կենսագրության տեսանկյունից բավական երկարատև է նավթի գործոնը, բայց պատմական հեռանկարում՝ կարճատև, փոքր էֆեկտ ունի: Ամենամեծ ռեսուրսը մարդկային ռեսուրսն է: Հայաստանը քիչ, թե շատ ունի, ուներ մարդկային ռեսուրս․ պետք էր մարդկային այդ կապիտալը ճիշտ ուղղորդել, ճիշտ օգտագործել։ Ցավոք, չի արվել:
ժամանակակից իրականությունում կան շատ դեպքեր, երբ մարդկային կապիտալը հակադրվում է նավթադոլարներին: Հրեա ժողովուրդը դիմադրում է աշխարհի նավթային ռեսուրսների կեսից ավելիին տիրապետող երկրներին, պարզվում է՝ բավական հաջող էլ դիմադրում է, այսինքն՝ նավթը չէ կարևոր։ Ավելին՝ մենք տեսնում ենք, որ Լատինական Ամերիկայում ներկայումս հետախուզված պաշարներով աշխարհի առաջատար երկիրը Վենեսուելան է, բայց ողջ Լատինական Ամերիկայում ամենավատը ապրում են հենց Վենեսուելայում»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում