17/02/2024 11:52
Դատախազը հանձնարարել է ակտիվացնել քրեաիրավական գործիքակազմը սիգի, իշխանի ապօրինի որսը կանխելու համար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:
Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետի, մարզի դատախազի և իրավապահ կառույցների գործընկերների հետ քննարկել է սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ապօրինի որսը կանխելու նպատակով քրեաիրավական գործիքակազմն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Քննարկվող մեխանիզմների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Սևանա լճում Ջրային պարեկային ծառայության կայացմանն աջակցելու կարևորությանը:
Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում մարզում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը՝ հայտնելով, որ 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործությունների թիվն աճել է 320 դեպքով՝ կազմելով 1659 դեպք:
Աճ է արձանագրվել հիմնականում սպանության փորձի, սեռական անձեռնմխելիության, ՃԵԿ կանոններ խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործությունների դեպքերով:
Նվազել են սպանության (առանց հանկարծամահության), հրազենի գործադրմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն և ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը:
2023 թվականի ընթացքում մարզում արձանագրված հանցագործությունների 1659 դեպքից բացահայտվել է 619-ը կամ 37,3 տոկոսը:
2023 թվականի ընթացքում հսկող դատախազներն իրենց նախաձեռնությամբ կայացրել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 72 որոշում (2022 թվականին՝ 5):
Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում դատարան է ուղարկվել 420 քրեական գործ՝ 470 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 140 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ):
2023 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 7 ուսումնասիրություն: Հայցերից մեկը, որով մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել 327,5 մլն դրամ, գտնվում է Վերաքննիչ դատարանում:
Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը՝ շարունակելով Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ուսումնասիրությունները, խոցելի վիճակում հայտնված անձանց՝ մասնավորապես՝ անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթները, բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը և այլն: