17/02/2024 16:35
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պերուի միջև․ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական կապերի զարգացումը: Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում տնտեսական, կրթամշակութային կապերի ներուժի և դրա աշխուժացման կարևորությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը կողմերը անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Պերուի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պերուի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ»։