17/02/2024 15:03
«Զանգեզուրի միջանցքը» թուրքական աշխարհի համար նաև հոգեբանական հարց է. «անիծված սեպը» վերացնելու խնդիր ունեն. Արմեն Մինասյան (Տեսանյութ)
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» խոշոր խաղացողներից յուրաքանչյուրի համար իր նշանակությունն ունի՝ ռացիոնալ շահից մինչև հոգեբանական, իմիջային։ Այդ մասին «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Նրա խոսքով, թուրքական պետությունների համար՝ առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» նաև հոգեբանական խոչընդոտ է՝ թուրքական աշխարհի երկու հատվածների ջլատված լինելու հանգամանքը հաղթահարելու առումով: Մինասյանը նշում է՝ Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ կապելու համար Զանգեզուրը միշտ էլ դիտարկվել է իբրև անիծված սեպ։
«Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» ունի հսկայական տնտեսական նշանակություն՝ Արևելք-Արևմուտք միջանցքի զարգացման առումով: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, չասենք միջանցք, բայց Ռուսաստանի համար ձեռնտու է, որ Հարավային Կովկասը Թուրքիայի հետ կապող տրանսպորտային ուղիները ապաշրջափակվեն: Պատժամիջոցներով պայմանավորված՝ Ֆինլանդիայից Սև ծով հսկայական սահմանագիծը փակ է, և աշխարհի ամենախոշոր շուկաներից մեկի՝ Եվրոպայի հետ գոնե միջնորդավորված կապ ունենալու համար ՌԴ-ին պատուհան է պետք: Միակ տեղը, որտեղ կարելի է պատուհան բացել՝ Հարավային Կովկասն է. Ռուսաստանի տարածքից Եվրոպա գոնե միջնորդավորված դուրս գալու համար միակ ուղին մնում է Կովկասի տարածաշրջանը»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։