17/02/2024 16:20
Մենք չգիտենք՝ որտեղ ենք ուզում լինել էս արևի տակ, որ մի բան էլ որոշեինք՝ պե՞տք էր թիրախավորել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, թե՞ ոչ․ Արմեն Մինասյան (Տեսանյութ)
«Խոշորագույն կոնցերները տարբեր երկրներում ունեն ազդեցություն. որոշ երկրներում այդ ազդեցությունը հասնում է կրիտիկականի՝ հատկապես այն երկրներում, որտեղ տնտեսությունը կառուցված է մեկ ճյուղի շուրջ, և այդ ճյուղը տնօրինում է որևէ խոշոր կորպորացիա: Բնական է, որ այդ երկրում որոշումների մեծ մասի վրա այդ կորպորացիան կրիտիկական ազդեցություն է ունենալու»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը:
«Նավթագազային արդյունաբերությունն Ադրբեջանի տնտեսությունում ունի էական նշանակություն, և այո, այդ ոլորտում ընդգրկված ամենախոշոր խաղացողներից է բրիտանական «Բրիթիշ Փեթրոլյում» ընկերությունը: «Բրիթիշ Փեթրոլյումի» ազդեցությունը մեծանում է ոչ թե արդյունահանման ոլորտում ներգրավվածության շնորհիվ, այլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործմամբ պայմանավորված: Այո, այդ խողովակաշարը աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և այո, հատկապես 44-օրյա պատերազմում կար մտավախություն, որ խողովակաշարը կարող էր թիրախավորվել:
Արդյոք արժե՞ր վտանգել խողովակաշարի գոյությունը, թե՞ ոչ. պարզ է մի բան՝ մենք առայժմ ինքներս չենք որոշել՝ որտեղ ենք ուզում լինել այս արևի տակ, որպեսզի հասկանանք՝ ինչն է մեզ օգտակար, ինչը՝ վնասակար»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում