17/02/2024 15:14
«Երբեք չենք մոռանա Գևորգ և Գոհար Վարդանյանների սխրանքները»․ Դոնի Ռոստովում տեղի է ունեցել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը
Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, Հարավային դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Գուրբան։
Արարողության ընթացքում հնչած ելույթներում շատ բարձր է գնահատվել հայ լեգենդար հետախույզի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում, այդ թվում՝ նրա վճռորոշ դերակատարումը պատերազմի հաղթական ելքում։ Մասնակիցներն ընդգծել են, որ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնումը մեծապես կօգնի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։
«Մենք երբեք չենք մոռանա Ռոստովի մարզի պատվավոր քաղաքացի Գևորգ Վարդանյանի և նրա կնոջ դերակատարումը, Գևորգ Վարդանյանի կարևոր ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում կերտած հաղթանակում։ Նրա անվան թանգարանն իսկական հայրենասիրական կենտրոնի կվերածվի, այստեղ եղած նյութերը այցելուներին հնարավորություն կտան ավելի լավ ծանոթանալ պատմական իրադարձություններին։ Ամեն ինչ կանենք, որ երեխաները իմանան նրա հերոսությունների մասին, իսկ բոլոր նրանք, ովքեր կայցելելեն թանգարան, մտածեն հայրենիքի ու նրա ճակատագրի մասին և այն մարդու մասին, ով իր ամբողջ կյանքն է նվիրել մեր հզոր պետությանը»,- ասել է Ռոստովի նահանգապետ Գոլուբևը։
Ռուսաստանի նախագահի ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Գուրբան իր հերթին նշել է, որ թանգարանում ներկայացված նյութերը կօգնեն մատաղ սերնդին փոխանցել անձնական որակական հատկանիշներ, կերտել հայրենասեր քաղաքացիներ։
Արարողության ավարտին մեկնարկել են թանգարանի կառուցման աշխատանքները։
4 հարկանի թանգարանը կառուցվում է Դոնի Ռոստովի Սերաֆիմովիչի անվան փողոցում, հարևանությամբ շատրվանով պուրակ է լինելու։