18/02/2024 22:46
Արդյո՞ք համարձակություն կունենաք հրաժարական տալ և հեռանալ քաղաքական դաշտից, քանզի այժմ Հայաստանն է զոհասեղանին դրված․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, արդյո՞ք այսքան ձախողումներից հետո ունի համարձակություն հրաժարական տալու և հեռանալու քաղաքական դաշտից։
«Արդյո՞ք հիմա ունեք այդ համարձակությունը, պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա, ինչպես որ նշել էիք Դուք՝ Դուք եք համար մեկ պատասխանատուն, և հեռանաք։ Հեռանալ նկատի չունեմ հրաժարականը, հեռանալ նկատի ունեմ ընդհանրապես քաղաքական դաշտից հեռանալը, քանզի այժմ Հայաստանն է զոհասեղանին դրված»,-հարցրեց հայ համայնքի ներկայացուցիչը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ քաղաքական ուժեր կան, որ իրենից պահանջում են, որ հեռանան։ «Բայց մենք դա չենք կարող անել պարզ պատճառով, որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը»,-ասաց վարչապետը և նշեց, որ իրենք ստացած մանդատը վերադարձրել են երկու անգամ և կրկին ստացել։
Փաշինյանը նշեց, որ իրենց խնդիրը կենտրոնանալ պետություն ունենալու վրա և ոչ թե կորսված հայրենիքի անդադար տեսլականի հետևից գնալու։
«Մեր խնդիրը հիմա այս տեսլականից դուրս բերելն է և մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով գնալ»,-ասաց վարչապետը։