18/02/2024 14:58
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց առաջմղման հարցում կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետը խոսել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի մոտեցումների մասին։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերը։
Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել վարչապետին` Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը` ի նպաստ Հայաստանի ու բարեկամ հայ ժողովրդի:
Մեդալն օրերս Նատալի Լուազոյին էր հանձնել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: