18/02/2024 23:34
Արևմուտքի հետ հարաբերությունն ինչո՞ւ է զարգանում ՝ ժողովրդավարության պատճառով․ վարչապետը՝ արտաքին վեկտորի փոփոխության մասին
Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահերը․ Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀ-ն փոխո՞ւմ է իր արտաքին վեկտորը՝ հաշվի առնելով Արևմուտքի հետ ավելի ակտիվ հանդիպումները։
«Վեկտորի փոփոխության խոսույթը ինձ համար այդքան էլ ընդունելի չէ, մեր արտաքին քաղաքականության նպատակը՝ մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն է, այս է մեր վեկտորը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում ինքը կարևորում է ոչ միայն նյութական հարաբերությունները, այլ արժեբանական հարաբերությունները։
«Որովհետև մենք խոսեցինք ժողովրդավարության մասին, մեզ համար կարևո՞ր է, թե կարևոր չէ, այսինքն՝ սրա վրա պետք է կառուցենք։ Որովհետև այն հարցերը որ բարձրացնում ես՝ գնա՞ս- չգնաս, ճիշտ ես-սխալ ես, լավ արիր, վատ արիր, այդ հարցերի պատասխանը պետք է տա ժողովրդավարությունը, որ ծառայի երկրի հետագա զարգացմանը։ Արևմուտքի հետ հարաբերությունն ինչու է զարգանում ՝ ժողովրդավարության պատճառով։ Նախ ԵՄ-ն մեզ աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներով, մենք էլ՝ ամոթ չի ասել, ուզում ենք ավելի լավ իմանանք, թե ժողովրդավարությունն ինչ է, ոչինչ, որ մի քանի հազար տարվա պատմություն ուենցող ժողովուրդ ենք»,- ասաց վարչապետը։