19/02/2024 11:53
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստը:
Նիստի օրակարգում ներառված են եղել Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները:
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները լսել են Հանձնաժողովի զեկույցը սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձի վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել քննարկում:
Նիստի օրակարգում ներառված են եղել նաև Խորհրդի աշխատանքներն առավել համակարգային և պարբերական դարձնելու անհրաժեշտության հետ կապված այլ հարցեր: Այս համատեքստում, հիմք ընդունելով, որ Խորհուրդն ստեղծվել է վարչապետի որոշմամբ, առաջարկվել է վարչապետի մասնակցությամբ կազմակերպել քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար:
Օրակարգի բովանդակային հարցերին Խորհուրդը որոշել է անդրադառնալ հաջորդ նիստին: