19/02/2024 16:35
Փրկության բոլոր ճանապարհները տանում են դեպի Հանրապետության հրապարակ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է իրեն ուղղված հարցերին:
Քաղաքացի Կարեն Լեռնոյանը հարցրել է. «Պատերազմ է հասունացել, ի՞նչ գնահատականներ կտաք էս ամենին, ի՞նչ կարող ենք անել մենք՝ կանխելու համար նոր արհավիրքները»։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չի կատարել նոր պատերազմները, նոր կորուստները, նոր զիջումները կանխելու ամենակարևոր քայլը՝ չի հեռացրել Նիկոլին և չի պատժել ահռելի մարդկային և տարածքային կորուստների մեղավորներին։ Ալիևը կմնա անպատիժ այնքան ժամանակ, որքան անպատիժ է Նիկոլը։
Իմ ողջ հարգանքով մեր սահմաններին կանգնած զինվորների հանդեպ, մենք Նիկոլի շնորհիվ չունենք ո՛չ ներքին, ո՛չ արտաքին անվտանգային գործուն մեխանիզմներ։ Սեփական բանակը կազմալուծելուն, մեր տղերքի վրա մատ թափ տալուն զուգահեռ, Փաշինյանը վերածել է Հայաստանը գեոպոլիտիկ բոմժի՝ դիվերսիֆիկացիայի անվան տակ քանդելով հին պաշտպանական համակարգը և չստեղծելով նորը։
Հայաստանն ապագայի շանս կունենա միայն մեկ դեպքում․ եթե հայ ժողովուրդն իշխանազրկի Նիկոլ Փաշինյանին, ուստի փրկության բոլոր ճանապարհները տանում են դեպի Հանրապետության հրապարակ, հակառակ դեպքում՝ դեպի մոտակա գերեզմանախորշ»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։