19/02/2024 16:25
Էստոնիայի վարչապետը կոչ է արել բռնագրավել ռուսական ակտիվները՝ մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կոչ է արել Արևմուտքի երկրներին` բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Financial Times թերթին տված հարցազրույցում:
«Ընտրությունները միշտ էլ անհանգիստ ժամանակներ են եղել: Ավելի լավ է հնարավոր ամեն բան անել կարևոր ընտրություններից առաջ», - ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ լրագրողի հետ զրույցում։
Ինչպես նշում է հրատարակությունը, նման կոչը ևս մեկ նշան է, որ Եվրոպան մտահոգված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ իշխանության հնարավոր վերադարձի և այն ազդեցության առնչությամբ, որ դա կարող է ունենալ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան քաղաքականության և Ուկրաինային աջակցության վրա։
Կալլասը Finacial Times-ին հայտնել է, որ ռուսական ակտիվների առգրավումը կարող է ճնշում գործադրել ռուսական տնտեսության վրա և օգնել՝ վերջ դնելու հակամարտությանը։
Վաշինգտոնն իր դաշնակիցներին հորդորում է միջոցներ գտնել՝ առգրավելու Ռուսաստանի կենտրոնական բանկի 260 միլիարդ եվրոյի ակտիվները, որոնք սառեցվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալած ռազմական գործողությունների ժամանակ։
Իր հերթին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՀ-ն մտադիր է օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտը՝ Ուկրաինայի համար զենքի արտադրությունը ֆինանսավորելու նպատակով, ինչի համար արդեն ստեղծվել է օրենսդրական բազա։
Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում էր հայտարարել Էստոնիայի վարչապետ Կալլասի նկատմամբ՝ խորհրդային հուշարձանները քանդելու և վնասելու քրեական գործի շրջանակներում։