19/02/2024 15:46
Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, չգիտեմ՝ ՀՀ-ին գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ. Խաչատրյան (Տեսանյութ)
Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, չգիտեմ՝ ՀՀ-ին գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։
«Հայկական կողմը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկներից, Ադրբեջանն Արևմուտքից՝ հատկապես Բրյուսելից ստանալով այն, ինչ ինքը ցանկանում էր՝ հրաժարվում է մեկնել Բրյուսել, արևմտյան հարթակներ։ Միացյալ Նահանգները հայտարում է, որ խրախուսում են ադրբեջանական անմիջակա շփումների առաջարկը, այսինքն՝ ձեռքերը լվանում են այդ ամենից և ասում են, որ միջնորդ չեն։ Գերմանիան չգիտեմ՝ ինչու ծագեց»,-ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը բոլոր հարթակներում կարողանում է ստանալ այն, ինչ իրեն պետք է, իսկ Փաշինյանն ամեն տեղ պարտվում է։
«Անկախ դրանից, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, միջնորդն ով է, եթե երկրի ղեկավարն ի զորու չէ պաշտպանել երկրի շահերը, ուզում եք բանակցությունների սեղանը լուսնի վրա դրեք։ Այն, որ Փաշինյանն աշխատում է այս երկրի դեմ, կասկածի տեղիք չի թողնում»,-ասաց նա։