19/02/2024 11:40
Խնդիրն ուղիղ է դրված՝ կա՛մ ազգովի պայքարել հանուն ինքնության պահպանման, կա՛մ հպատակվել թուրքին
Այլևս բոլոր խաղաքարտերը բաց են:
2020 թվականի ողբերգական պատերազմը, դրան հաջորդած հիբրիդայինը, 2023-ի սեպտեմբերյան հարձակումը, որի արդյունքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը ոչ միայն գրավվեց թուրքադրբեջանական հրոսակների կողմից, այլև ամբողջությամբ հայաթափվեց՝ ենթարկվելով էթնիկ զտման, նպատակային ու ծրագրված գործողություններ էին։
Հավանաբար դրանք մաս էին կազմում ու միտված էին մոլորակի վրա տեղի ունեցող աշխարհքաղաքական խորը, ինչ-որ տեղ նաև քաոսային գործողություններին, որոնք համավարակի ու գլոբալ անկայունության և քաղաքական տուրբուլենտության պայմաններում թուրքադրբեջանական տանդեմը իրականացրեց ու իր օգտին լուրջ հաջողություններ գրանցեց։ Եվ այդ ամենն Արցախի հարցով մոտ 32 տարի առաջ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի, աշխարհի խոշոր խաղացողների աչքի առջև, ու փաստացի անպատիժ ձևով։
Այս ամենը, անկասկած, կարող էր հայկական կողմի համար այլ ընթացք և արդյունք ունենալ, եթե մենք ունենայինք ազգային արհեստավարժ կառավարություն, որն ունենար հստակ , ազգային նպատակ ու ծրագիր, այլ ոչ թե ինքնասիրահարված պատահականությունների հավաքածու, ովքեր տառապում էին ու են ամենուր առաջինը լինելու պետականաքանդ, ազգակործան մոլուցքով ու մարմաջով։
Այսօր, երբ հայաթափված է Արցախը, երբ մոտ 150 հազար հայ անորոշության և անօգնության ճիրաններում է, երբ ամենամեղմ հաշվարկներով հինգ արցախցուց մեկն արդեն բռնել է կամ պատրաստվում է բռնել գաղթի ճանապարհը, մենք պետք է առաջին հերթին մտածենք ՀՀ-ն փրկելու, այն փորձադաշտի, յուրահատուկ աշխարհքաղաքական լաբորատորիայի չվերածելու մասին՝ միաժամանակ ունենալով արցախահայության օգնության և աջակցության պետական գործուն ծրագիր:
ՀՀ-ի գլխին սև ամպեր են կուտակվում, վիճակը, հավանաբար, ամենաբարդն է վերջին երեք հանրապետությունների գոյության ավելի քան 100 տարում, միգուցե նաև հայ ժողովրդի վերջին հարյուրամյակների պատմության ընթացքում։
Բանն այն է, որ մեզ հետ հատկապես թուրքադրբեջանական գիշատիչ դուետը միայն վերջնագրերի տեսքով է խոսում։ Եվ, ըստ էության, նույնիսկ տարրական միջպետական խոսույթի մշակույթը չի պահպանում, և որը, համարյա միաժամանակ, թութակի նման ներսում է կրկնվում: Անընդհատ սպառնալիքներ, թելադրվող քայլերի հավաքածու, որը հայկական կողմը պետք է կատարի ի օգուտ նրանց։ Հասել են այնտեղ, որ ցանկանում են ամբողջովին վերահսկել նաև մեր բանակի զինանոցը, փոխել ՀՀ Սահմանադրությունը, պետության ատրիբուտները, և այլն։
Փաստորեն, մեզ և համայն հայությանը վերջնագիր է ներկայացված՝ մենք կա՛մ հպատակվում ենք թուրքադրբեջանական տանդեմին, կա՛մ ընդունում ենք համազգային, հայամետ՝ նրանց թելադրածին հակադիր որոշում, որը կստեղծի տարածաշրջանային այլ իրավիճակ, որում մենք ավելի հզոր դաշնակիցներ կունենանք ու կապրենք մեր հայրենիքում՝ մեր ուզած, այլ ոչ թե թուրքերի պարտադրած ձևով։
Ինչ է անհրաժեշտ դրա համար. ամենաառաջինը՝ պատմության աղբանոց՝ իր արժանի տեղն ուղարկել հայ ժողովրդին պարտության տարած, տարեգրության մեջ առաջին անգամ հայոց Արցախը հայաթափած, մեր արժանապատվությունը նսեմացրած, կոխկրտած կառավարությանը և ձևավորել ազգային, արհեստավարժ, պայքարող կառավարություն, որը ճկուն, խելացի դիվանագիտությամբ ու քաղաքականությամբ պետք է շատ կարճ ժամանակում ազգային ավերի ու ողբերգության ծիրից պետությունը հանի, այն դնելով կայուն զարգացման ուղու վրա ու ինքնորոշման հզոր իրավունքով հետ բերի Արցախը՝ վերականգնելով և՛ արդարությունը, և՛ մեր կորսված ազգային արժանապատվությունը։
Անկասկած, յուրաքանչյուր նոր օր պրոբլեմներն ավելի է խորացնում՝ մեծացնելով նաև մարդկանց հուսահատության աստիճանը, բոլորիս ավելի հեռացնելով ազգային վերածննդի այնքան անհրաժեշտ ուղուց: Հայ ժողովուրդն այսօր նախ պետք է կարողանա ազատվել ներքին թշնամուց՝ հընթացս ամրացնելով, ամրակուռ դարձնելով պետության սահմանները։
Խելացի ազգերը ոչ միայն սովորում են ուրիշներից, այլև սեփական սխալներից: 2021-ի մեր ընտրությունն ավելի խորացրեց ողբերգական պատերազմի արնածոր հետքերը։
Հակառակ պարագայում մենք այսօր բոլորովին այլ վիճակում և դիրքում կլինեինք: Աշխարհը պարտվածին լիարժեք չի ընդունում ու չի բանակցում նրա հետ՝ նրան միայն անողոքաբար իր կամքն է թելադրում և պարտադրում․․․