19/02/2024 14:06
2018-ից հետո ընտրություններ չեն կեղծվել և չի կեղծվելու, ՀՀ-ում Սահմանադրությունը կփոխվի, եթե ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշի. Գևորգ Պապոյան (Տեսանյութ)
Հուսով եմ, որ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլը վերսկսվում է. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը։
«Մենք շատ ենք լսում Ադրբեջանից մի բան, այնուհետև վերադառնում են Բաքու, հարցազրույց են տալիս ու լրիվ ուրիշ բան են ասում, երևի թե վերջին 30 տարում այդ ձեռագիրը կա»,-ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջին, որ ՀՀ-ն պետք է սահմանադրական փոփոխություններ անի՝ նա ասաց․
«ՀՀ Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ՝ մեր ներքին գործն է, ՀՀ Սահմանադրություն փոփոխելու իրավունք ունեցող սուբյեկտների որոշելիքն է, այսինքն՝ սահմանադրի, ժողովրդի որոշումն է։ Որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ։ Դա անթույլատրելի է, և վստահաբար ասում եմ՝ դա տեղի չի ունենա»։
Պապոյանն ընդգծեց՝ ՀՀ-ում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը և ինչպես ժողովրդի մեծամասնությունը որոշի, փոքրամասնությունը պետք է համաձայնի՝ անկախ նրանից՝ դա ում սրտով է։
«2018-ից հետո ընտրություններ չեն կեղծվել և չի կեղծվելու։ Եթե այդ Սահմանադրությունը ընդունվի, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե ոչ՝ նորից պետք է հաշտ լինենք դրա հետ։ Ես՝ ինքս պայքարելու եմ, որ մեկ քվե չկեղծվի։ Մեկ ձայնով էլ, եթե Սահմանադրությունը չընդունվի, ուրեմն՝ չի ընդունվի»,-ասաց նա։