19/02/2024 17:04
ՀՀ ԳԱԱ նախագահը Ռուսաստանում պարգևատրվել է մեդալով
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, սույն թվականի փետրվարի 8-ին մասնակցել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) հիմնադրման 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ ԳԱԱ նախագահ, ՌԳԱ արտասահմանյան անդամ Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում պարգևատրվել է «Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալով, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2022թ․ դեկտեմբերի 5-ի N 874 հրամանով։ Մեդալը ՀՀ ԳԱԱ նախագահին է հանձնել ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Գենադի Կրասնիկովը։
«Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալ է շնորհվել նաև Բելառուսի Գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԳԱ արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Վլադիմիր Գուսակովին։
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցել է ՌԳԱ հոբելյանական միջոցառմանը Կրեմլի պետական պալատում, որտեղ շնորհավորական ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի դերը կառավարական և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Նշել է, որ ստորագրել է հրամանագիր ՌԳԱ նախագահին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդում ընդգրկելու մասին։
Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ բոլոր նշանակալից նախաձեռնությունները պետք է ՌԳԱ-ի կողմից ենթարկվեն խորը, օբյեկտիվ գիտական փորձաքննության։ ԲՈՒՀ-երի և դպրոցների դասագրքերը պետք է պարտադիր ակադեմիական քննություն անցնեն, ԲՈՀ-ի գործառույթները վերապահվում են ՌԳԱ-ին և այլն։
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պետական բյուջեից ՌԳԱ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ աճել է մինչև 6 միլիարդ ռուբլով։ Նաև մեկուկես անգամ ավելացել են ակադեմիկոսների և թղթակից անդամների ամսական վճարները։
ՌԳԱ 300-ամյակի առթիվ պետական պարգևների են արժանացել առաջատար գիտնականներ։