19/02/2024 13:48
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնին նշանակվելու առաջարկ ես չեմ ստացել. Գևորգ Պապոյան (Տեսանյութ)
Նման առաջարկ ես չեմ ստացել. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով իր՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին խոսակցություններին։
«Ես ԱԺ-ում աշխատում եմ, հանձնաժողովի նիստի ենք։ ԱԺ-ի հանձնաժողովի աշխատանքը պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը, նույնիսկ ինձ ինչ-որ տեղ զարմացնում է այդ հարցադրումը, նույն կարգի պատասխանատու և կարևոր աշխատանք է»,-ասել է նա։
Պապոյանը նշել է, որ կուսակցությունում դեռևս չկա որոշում, թե ով պետք է նշանակվի Էկոնոմիկայի նախարար։ «Այս պահին նման որոշում գոնե ես գիտեմ՝ չկա, կուսակցությունում չենք էլ քննարկել, բայց դեռ կքննարկենք»,-ասել է նա։
Նշենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք: