19/02/2024 14:19
Համաձայն չենք նրանց հետ. Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Պեսկով
Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Սա գաղտնիք չէ», - ասել է Պեսկովը:
«Հետևաբար, սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է: Համաձայն չենք նրանց հետ այս հարցում և մենք համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Գերմանիայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։
ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը (1991թ.) վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բոլորին, քանի որ այն ստորագրվել է Խորհրդային Միության նախկին Հանրապետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից՝ ճանաչելով միմյանց սահմանները։