20/02/2024 12:39
Շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման արդյունքում առաջիկայում բնակարանների գները 10-15%-ով աճելու են. Արմեն Սաքապետոյան (Տեսանյութ)
Սակագների փոփոխության արդյունքում առաջիկայում առնվազն 10-15 տոկոսի չափով բնակարանների գնաճ է լինելու. ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց Արմեն Սաքապետոյանը։ «Դա ենթադրում է, որ այն ընտանիքներին, որոնք 800 000-ից 1մլն դրամ եկամուտ ունեն, բնակարաններն այլևս հասանելի չեն լինելու»,-ասաց նա։
Արմեն Սաքապետոյանը նշեց, որ Երևան համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումներից առաջ անընդհատ շրջանառության մեջ էին դրվում տարբեր նոր վճարներ։
«Մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար, ապա կադաստրային, ջրային տրամադրման համար վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության հաստատման համար տեղական տուրք, շինթույլտվության երկարացման համար։ Անդրադարձ չեղավ նաև անցումային դրույթներին, այսինքն՝ երբ գոյություն ունեին սկսած նախագծեր, ներդրումներ, արդյունքում ունեցանք իրավիճակ, որ ընդունվեց ավագանու որոշումը բազմաթիվ հետևանքներով»,-ասաց նա։
Սաքապետոյանը հավելեց, թե նշված որոշման հիմքում չկա որևէ հասանելի հաշվարկ։ «Թե ինչով է, օրինակ, սահմանված բազային վճարը 4 մլն դրամ, կամ բազային տուրքը՝ 7 մլն դրամ, կամ ինչ տրամաբանությամբ է բաժանվել այս գոտիականությունը»,-ասաց նա։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամը շարունակեց ներկայացնել խնդիրները։ Ըստ նրա՝ կառավարությունը սահմանում է, որ Կենտրոնում կառուցապատում իրականացնելը նպատակահարմար չի և կառուցապատումը պետք է Կենտրոնից դուրս գա, բայց մյուս կողմից հաստատվում է ֆիսկալ վճարների տուրքերի փաթեթ, որով խրախուսվում է Կենտրոնում կառուցապատում իրականացնելը։
«Կենտրոնում կամ առաջին երեք գոտիներում այն կազմում է 11,8 տոկոս, կամ այլ կերպ՝ այս տարածքում կառուցապատողի համար բացի շահութահարկից՝ լրացուցիչ շուրջ 15 տոկոսի չափով բեռ է ավելանում, իսկ 7-8-9-րդ գոտիներում այս ֆիսկալ բեռը հասնում է 69-70-80 տոկոսի, ընդհուպ՝ 110 տոկոսի։ Այսինքն՝ ստացվել է իրավիճակ, երբ կենտրոնում կառուցապատում իրականացնելը, առաջին երեք գոտիներում, ավելի գրացվիչ ու շահութաբեր է, քան մյուս գոտիներում»,-ասաց նա։
Նա նաև հիշեցրեց Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցման մասին, ինչն էլ, նրա խոսքով, ենթադրում է, որ 2025-ի հունվարի 1-ից հետո Երևանում սպասվում է կառուցապատման անկում։
«Այս տուրքերը սահմանելով՝ ունենալու ենք ռենովացիոն գոտիների ծախսեր, ինչն ազդելու է քաղաքացիների բնակարնային ապահովության վրա, կամ մատչելիության վրա»,-շարունակեց թվարկել խնդիրները։