20/02/2024 19:34
Ալերգիկ ռինիտ՝ երեխաների շրջանում․ Ախտանիշներն ի հայտ են գալիս ալերգենի հետ շփումից հետո
Ալերգիկ ռինիտը հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում քթի լորձաթաղանթի բորբոքում ալերգիայի պատճառով։ Ախտանիշները առաջանում են այն ժամանակ, երբ երեխան շնչում է այնպիսի նյութ, որի նկատմամբ ունի ալերգիա, օրինակ՝ բույսերի փոշի։
Ալերգենի հետ շփումից հետո օրգանիզմն արտադրում է նյութեր, որոնք առաջացնում են ախտանիշներ։ Դրանք կարող են լինել սեզոնային կամ պահպանվել ամբողջ տարվա ընթացքում։
Ծառերի, խոտաբույսերի փոշին տարածվում է քամու միջոցով։ Օդում առկա փոշու քանակից է կախված՝ արդյոք ախտանիշներ կզարգանա՞ն, թե՞ ոչ։
Շոգ, չոր և քամոտ եղանակին օդում փոշու ծավալն ավելանում է, իսկ ցուրտ, խոնավ և անձրևայինին՝ պակասում։
Ծնողների մոտ առկա ալերգիայի դեպքում, հավանականությունը մեծ է, որ երեխան նույնպես կունենա ալերգիա։
Ախտանշաններն ի հայտ են գալիս ալերգենի հետ շփումից կարճ ժամանակ հետո՝
աչքերի, քթի, բերանի քոր,
քթահոսություն,
փռշտոցներ,
աչցունքահոսություն։
Վերոնշյալ ախտանշաններին կարող են հաջորդել՝
քթի փակվածություն,
հազ,
ականջներում փակվածության զգացում,
կոկորդում ցավ,
ձայնի փոփոխություն,
հոտառության և համի խանգարում,
աչքերի տակ մաշկի մգեցում և այտուց,
գլխացավ,
հոգնածություն,
քնի խանգարում։
Բժիշկը երեխայի զննման և հատուկ հարցերի միջոցով, մանրամասն տեղեկություն է ստանում ախտանիշների առաջացման ժամանակի, տևողության և բնույթի մասին։
Ամենահաճախ կիրառվող հետազոտության մեթոդը մաշկային պրիկ թեստն է։ Այն օգնում է բժշկին պարզել, թե ինչի նկատմամբ է ալերգիան։
Բժիշկը ալերգեն պարունակող կաթիլները դնում է մաշկի վրա՝ սովորաբար ձեռքի նախաբազկին կամ մեջքին, և աննշան ծակոցի միջոցով խախտում մաշկի ամբողջականությունը։
Այնուհետև, 15 րոպե անց նա զննում է մաշկի տվյալ հատվածը, որպեսզի տեսնի՝ արդյո՞ք այն կարմրել է, կամ գոյացել է թմբիկ, թե՞ ոչ։ Պետք չէ անհանգստանալ, քանի որ կարմրությունն անցնում է մոտ 1 ժամվա ընթացքում։
Մաշկային պրիկ թեստին նախապատրաստվելու և ճիշտ արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է դադարեցնել հակաալերգիկ դեղորայքի ընդունումը թեստն իրականացնելուց 5 օր առաջ։
Հետազոտությունը ցավոտ չէ, սակայն փոքր տարիքի երեխաներին այն կարող է դուր չգալ։ Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում անցկացնել մաշկային թեստը, կարելի է արյան քննության միջոցով պարզել ալերգիայի պատճառը։
Ալերգիայի կանխման լավագույն տարբերակը կլինի ալերգենի հետ շփման բացառումը, բայց քանի դեռ դա անհնարին է, կարելի է անցնել դեղորայքային բուժման։
Դեղորայքի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, գանգատներից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից։
Բուժման համար առաջին ընտրության դեղորայք է տեղային ներքթային հակաբորբոքային դեղամիջոցը՝ կորտիկոստերոիդ խմբից, որն ունի միայն տեղային ազդեցություն և համակարգային կողմնակի դրսևորումներ չի առաջացնում։
Քորը և փռշտոցը նվազեցնելու համար կիրառվում են հակաալերգիկ հաբեր կամ կաթիլներ, իսկ քթով շնչառությունը արագ, բայց կարճատև վերականգնելու նպատակով՝ ներքթային անոթասեղմիչ կաթիլ կամ սփրեյ։
Շատ կարևոր է իմանալ վերջիններիս ճիշտ կիրառման տեխնիկան ՝ առավելագույն արդյունք ստանալու և բարդություններից խուսափելու համար։
Ախտանիշների ինտենսիվությունից և վերը նշված բուժմանը տրված արձագանքից կախված կարելի է իրականացնել ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ