20/02/2024 17:37
Թող Տերը իմաստություն և արթնություն տա բոլորիս մտքերին, որ ամեն մի հայ կարևորություն տա նաև ազգային խնդիրներին․ Արցախի թեմ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ուղերձը՝ Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ․
«36 տարի առաջ Արցախը ոտքի ելավ՝ պաշտպանելու իր ինքնորոշման իրավունքը: Մի ողջ ժողովրդի համառ պայքարի հիմքում ընկած էր միակամության արժեքի գիտակցումը, և յուրաքանչյուր ոք խորապես հասկանում էր անհատական ներդրումի կարևորությունը:
Ցավոք, հաղթանակով ամրագրված խաղաղ օրերը տարիներ անց կրկին խաթարվեցին. պատերազմ, շրջափակում և հայաթափում: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայրենիքը վեր է ամեն ինչից, երբ շրջափակման օրերին կրելով բազմաթիվ զրկանքներ, այնուամենայնիվ, չհանձնվեց և շարունակեց կառչած մնալ իր հողին: Դա էլ իր հերթին յուրօրինակ պայքարի դրսևորում էր:
Այսօր, չնայած ցավալի հանգամանքներին, կարող ենք համարել, որ կայացել է «Միացում»-ը: Այժմ արցախաբնակ ու հայաստանաբնակ մեր քույրերն ու եղբայրները միաձուլված են Մայր Հայաստանում: Շատ կարևոր է իմաստուն և արդյունավետ կերպով օգտագործել այս հանգամանքը` ոգեշնչվելով մեր նախնիների օրինակով: Այն կարող է դառնալ ազգային վերածննդի վճռորոշ նախապայման:
Սիրելիներ, այս նշանակալից օրը մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը իմաստություն և արթնություն տա բոլորիս մտքերին, որպեսզի ամեն մի հայ իր անձնական խնդիրներին զուգահեռ՝ կարևորություն տա նաև ազգային խնդիրներին` գիտակցելով վերջինիս վեհ գաղափարը»: