20/02/2024 13:24
Կառուցապատման ոլորտի անկման հետևանքները բոլորս ենք զգալու՝ անգամ փողոցում արևածաղիկ վաճառող տատիկը. Գուրգեն Գրիգորյան (Տեսանյութեր)
Շինթույլտվությունների ոլորտում պետական տուրքերի ավելացումը հանգեցրել է մի շարք ինստիտուցիոնալ բնույթի և առաձին-առաձին տեղային բնույթի խնդիրների. ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ տեղային բնույթի խնդիրներից են Երևան համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումները, որոնք Երևան համայնքին են վերաբերելի, կան նաև համապետական մասշտաբի խնդիրներ, որոնք առնչվում են թե՛ Երևանում և թե՛ Երևանից դուրս կառուցապատում իրականացնող անձանց ամենօրյա գործունեությանը։
Գուրգեն Գրիգորյանը, մինչ ոլորտի պետական տուրքերի ավելացման խնդիրներին անդրադառնալը, նկատեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից երկու դրական նկատառում կա, և իրենց բազմաթիվ առաջարկներից բավարարվել են ընդամենը երկուսը՝ կառուցապատողների սկսված ծրագրերի մասով արտոնությունը և ճարտարապետաշինարարական համաձայնեցված վճարի համար ևս այս տարի սահմանված արտոնությունը։ Իսկ հիմնական առաջարկները չեն ընդունվել։
Նա հատուկ բարձրաձայնեց՝ ուսումնասիրել են հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և այլ խոշոր քաղաքների փորձը և պարզել, որ Երևանը միակն է, որ աչքի է ընկնում նման տուրքերով։ Նշված քաղաքներում բոլոր քաղաքաշինական թույլտվություններն անվճար են կամ սահմանված են սիմվոլիկ գումարներ։
Նա ևս հայտարարեց, որ, ըստ ներկայացված գոտիավորման հաշվարկների, ավելի գրավիչ է կենտրոնական հատվածներում կառուցապատում իրականացնելը, քանի որ այդտեղ շահութաբերությունը շատ է, և տուրքի կշիռը մեծ բեռ չէ։
«Այնինչ, ծայրամասային գոտիներում կառուցապատում իրականացնելը գնալով դառնում է անհնարին, որովհետև այնտեղ էկոնոմ դասի շինարարություն է իրականացվում և տուրքի կշիռը էկան մեծ դեր է կազմում»,-նկատեց նա։
«Գոտիներ կան, որտեղ կառուցապատման բոլոր տուրքերն ու վճարները միասին՝ կանխատեսվող նախահաշվային շահույթից ավելի մեծ գումար են կազմում, մասնավորապես՝ 109 տոկոս: Այնինչ, չմոռանանք, որ, օրինակ, շահութահարկը՝ 18 տոկոս է: Այսինքն՝ տեղական տուրքերն ու վճարները միասին կազմում են շահութահարկի 5-6-ապատիկը։ Ստացվում է, որ կառուցապատողները կա՛մ պետք է էականորեն բարձրացնեն գույքի միավորների գները, ինչը ներկայիս շուկայի պայմաններում այնքան էլ իրատեսական չէ, մյուս կողմից էլ՝ կառուցապատումն այլևս ձեռնտու չի լինելու բիզնեսի համար, բիզնեսները կա՛մ ռելոկացվելու են այլ երկրներ, կա՛մ այլ ոլորտ են տեղափոխվելու»,-ասաց Գրիգորյանը։
Գուրգեն Գրիգորյանը շարունակեց նշել խնդիրները։ Ըստ նրա՝ օտարերկրյա ներդրողների տեսանկյունից ևս անվստահության մթնոլորտ է ձևավորվել․ «Բազմաթիվ ներդրողներ վերջին ամիսներին ահազանգում են, որ հրաժարվում են ներդրումներ կատարել, քանի որ չունեն բիզնես միջավայրի կանխատեսելիություն։
Նա օրինակ բերեց. «Նշված իրավիճակը նման է մի երևույթի, որ անձը ձեռք բերի ինքնաթիռի տոմս Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ 200 դոլարով, սակայն թռիչքի կեսից տեղեկանա, որ, օրինակ, թռիչքի օդանավ նստելու գինը սահմանվել է 50,000 դոլար և այն պետք է վճարի»,-ասաց նա:
Ոլորտի ներկայացուցիչը նշեց, որ իրենց խնդրանք-կոչն է՝ կառուցապատման գործունեության նկատմամբ ցուցաբերել առաձնակի ուշադրություն, որովհետև տնտեսության համար լոկոմոտիվ ճյուղ է։
«Եթե այստեղ տեղի ունենան անկումներ, դոմինոյի էֆեկտով անկում է ապրելու փոխկապակցված ամբողջ տնտեսական համակարգը․ բանկերից սկսած՝ գյուղատնտեսությամբ վերջացրած։ Բոլորս մեր վրա զգալու ենք սրա հետևանքները, անգամ փողոցում արևածաղկի վաճառքով զբաղվող տատիկն իր վրա զգալու է տնտեսական էֆեկտը»,-ասաց նա։
Գրիգորյանն ընդգծեց, որ հետևանք է լինելու նաև դեմոգրաֆիկ խնդրի․ «Պետական քաղաքականության հիմնական նպատակն է՝ ապահովել դեմոգրաֆիկ աճ, այսօր այն վիճակում ենք, որ ուրիշ երկրից են այստեղ, ժողովրդի ասած, խոպան գալիս, եթե այս ճյուղը անկում ապրեց, հայ տղամարդիկ էլի պետք է գնան»,-ասաց նա։