20/02/2024 10:47
Կհեռացվե՞ն ճանապարհներին տեղադրված խաչերը. պարզաբանում
«Մասնավորապես, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների տարածքներում արգելվում է՝ առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու կառուցել շենքեր, կառույցներ, իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում և այլն:
Միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության ապահովման ու դրանց հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգումները սահմանված են ՀՀ
կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշմամբ»,- նշել են ՏԿԵՆ-ից։
Ի թիվս այլ կարգավորումների՝ կառուցապատում իրականացնելիս պետք է ապահովվեն նաև բնակավայրերից դուրս տարածքներում ճանապարհի կողային տեսանելիության պահանջները հաշված երթևեկելի մասի եզրից՝ միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար 18.0 մետր, հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար՝ 15.0 մետր։
«Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում՝ առկա օբյեկտները օրենսդրության գործող նորմերին և պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև երթևեկության անվտանգության պահանջներն ապահովելու նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ իրավասու մարմինների կողմից իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում առանց ճանապարհ տնօրինողի համաձայնության կառուցված ինքնակամ շինությունների, կառույցների գույքագրում: Նշված գործընթացի շրջանակներում՝ ՀՀ վարչապետի 08.07.2022թ. հանձնարարությամբ իրականացվում է
նաև առանց վերը նշված պահանջների պահպանման տեղադրված խաչերի, խաչքարերի ու հուշակոթողների գույքագրում, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան առաջարկություններ»,- Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։