20/02/2024 16:36
Պետք է վերադարձ ապահովենք Արցախ, ուրիշ ճանապարհ չունենք. Արցախի նախկին պատգամավորը փոխանցեց Սամվել Շահրամանյանի խոսքերը
Պետք է վերադարձ ապահովենք Արցախ, ուրիշ ճանապարհ չունենք. Ղարաբաղյան շարժման 36-րդ տարեդարձի օրը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում կազմակերպված միջոցառման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խոսքերը փոխանցեց Արցախի նախկին պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
Իսկ թե ինչ ճանապարհով՝ Գաբրիելյանը նշեց, որ նախագահի կողմից այդ մասին խոսք չի եղել։
«Ճանապարհները տարբեր են, այդ մասին զրույց չի եղել։ Ես կարող եմ իմ անձնական տեսակետը հայտնել՝ Արցախի վերադարձը կապված է հայոց վերածննդի հետ, հայոց զարթոնքի հետ։ Զարթոնք կլինի այն դեպքում, երբ բոլորս կանգնենք, այս իշխանություններին հեռացնենք, որից հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ։ Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախ բառը չհնչի, արցախցի չհնչի, ամեն ինչ անում են, որպեսզի մոռացության տան ոչ միայն Արցախը՝ մեր պատմական հայրենիքը»,-ասաց նա։
Իսկ թե այդ հարցում Շահրամանյանի տեսակետը նույնն է արդյո՞ք՝ Արցախի նախկին պատգամավորը նշեց, որ ընդհակառակը՝ Շահրամանյանը համագործակցության ուղիներ փնտրելու մասին է խոսում։
Նա նշեց, որ միջոցառմանը հիմնականում շնորհավորանքներ էին և հույս, որ մի օր կվերադառնան Արցախ։ «Նաև Արցախի համայնքի պահպանության, հոգևոր մշակութային արժեքների պաշտպանության հարցն էր, որ այնպես չանենք՝ ինչպես ցանկանում են այս իշխանությունները՝ ցրեն, տիրանան, չլինի Արցախ, արցախցի»,-ասաց նա։