20/02/2024 15:15
Էականորեն իջել է նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու ցանկությունը. Գուրգեն Գրիգորյան (Տեսանյութ)
Կառավարության ԱԺ գործընկերները ևս ընդունել են, որ տնտեսության այս ճյուղը՝ կառուցապատումը, հանդիսանում է լոկոմոտիվ. ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
«Այն ռազմավարական և անվտանգային բնույթի տնտեսական ճյուղ է՝ հաշվի առնելով տնտեսության այս ճյուղի դերը հարկաբյուջետային համակարգում, ՀՆԱ-ում»,-ասաց նա։
Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ Երևանի ավագանու կողմից որոշումների մասով իրենք որպես մասնագիտական հանրույթ բողոքները և մտահոգությունները ներկայացրել են։ «Մենք բարձրաձայնել ենք այն վտանգների մասին, որոնք, մեր պատկերցումներով, պետտուրքերի բարձրացումից հետո իրականություն կդառնան»,-ասաց նա՝ նշելով, որ անթույլատրելի է խաղի կեսից կանոնների փոփոխությունը։
«Մեր կողմից կատարված ուսումնասիրություններով՝ մինչև 2023թ.-ի տարեվերջ նախկինում սկսված քաղաքաշինական ծրագրերը նորմալ տեմպերով ընթացք են ունեցել, սակայն 2023թ.-ի երկրորդ կեսից սկսած՝ նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի առումով եղել է տեմպերի նվազում։ Իսկ հունվարից էականորեն իջել է նոր սկսվող քաղաքաշինական ծրագրերի՝ այսինքն՝ ապագա ծրագրեր իրականացնելու ցանկությունը՝ բիզնես ծրագրի միջավայրում։ Տասնապատիկ ավելի քիչ է նախաձեռնվելու, քան մինչ այս իրականացվել է»,-ասաց նա։