20/02/2024 13:58
ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել
Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը:
Արտահանվող ապրանքների կառուցվածքում փոփոխություններ են եղել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը ներկայացրել է Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների անգամներով ավելացման պատճառները, արտահանված և ներմուծված հիմնական ապրանքատեսակներն ու տարվա ընթացքում առաջացած խոչընդոտները:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 2.8 տոկոսով՝ կազմելով 181 մլն 640.1 հազար դոլար: Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:
Ավանդաբար մեծ մասնաբաժին ունեցող Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս պետությունների հետ առևտրի աշխուժացումն Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան պայմանավորեց թիրախային քաղաքականությամբ: «Մեր հիմնական նպատակը, որը նախանշվել է նաև տնտեսական քաղաքականության մեջ, պետք է լինի արտահանման դիվերսիֆիկացիան: Դիվերսիֆիկացիա իրականացնում ենք երկու հինական ուղղություններով՝ և՛ ԵԱՏՄ-ի շրջանակում ենք ուզում դիվերսիֆիկացնել, այսինքն՝ աշխուժացնել առևտուրը ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ, և՛ ԵԱՏՄ-ից դուրս: Որքան էլ աշխուժացնենք, բոլորիս համար հասկանալի է, որ թիվ 1 առևտրային գործընկերը մնալու է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանի հետ կան ավանդական կապեր, և՛ տնտեսավարողները, և՛ սպառողները սովոր են»,-ասել է Մովսիսյանը:
Նա իրատեսական չի համարել, որ այն ծավալը, որ կա ՌԴ-ի հետ, կլինի ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ ևս: Սակայն ուրախալի է համարել հատկապես այն հանգամանքը, որ առևտրաշրջանառության մեջ ավելի աշխուժ է արտահանման ցուցանիշը:
«Դա, բնականաբար, պայմանավորված է և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ԵԱՏՄ-ի շրջանակներում թիրախային ուղղությունը ներմուծման փոխարինումն է (խմբ․ երրորդ երկրներից ներմուծում)։ Գաղափարի հիմնական մեխն այն է, որ որքան հնարավոր է ավելի շատ միության ներսում կարողանանք ապրանքներ արտահանել և ներմուծել»,-ասել է նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ դրա համար որպես թիրախ է վերցվել նաև արտադրության զարգացումը, կոոպերացիոն նախագծերի իրականացումը:
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2023-ին աճել է 40.8 տոկոսով, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, աճել է 44.6 տոկոսով:
Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալը 2023-ին ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար՝ 2022 թվականի նկատմամբ ավելանալով 38.8 տոկոսով: Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի, կազմել է 3 մլրդ 887 մլն 382.3 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 47.4 տոկոսով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։