20/02/2024 14:11
Թբիլիսիում բնակարանն արժե մոտ 60% ավելի էժան․ վաճառքների նվազման միտում է նկատվում. Տիգրան Հարությունյանը՝ պետտուրքի բարձրացման հետևանքների մասին (Տեսանյութ)
Կառուցապատման ոլորտում իրավիճակը բավականին ահագնացող է. ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը։
Նա ներկայացրեց նախորդ տարվա եռամսյակի տվյալները, ըստ որի, հանրապետությունում անշարժ գույքի վաճառքի շուրջ 25 տոկոս անկում է գրանցվել։
«Մենք տեսնում ենք, որ տենդենց կա վաճառքների նվազման»,-ասաց նա։
Տիգրան Հարությունյանը խոսեց նաև արտաքին ցանցերի՝ գազ, լույս, ջուր միացումների շատ վատ վիճակի մասին։
«Այսինքն, եթե Երևանում քաղաքաշինական նոր պրոյեկտ եք սկսում և դիմում եք ջրի տեխպայման ստանալու, ձեզ այսօր ուղարկում են Հրազդան քաղաքացից ջրագիծ բերելու»,-ասաց նա։
Ըստ նրա, ՀԷՑ-ի միացման սակագինը 5-ապատիկ ավելացել է, գազի միացման հարցում «Գազպրոմ Արմենիան» ասում է, որ գազատարի հզորությունները չեն բավարարում, պետք է նոր գազատարար կառուցվի։
«Դիտարկենք՝ հարևան երկրներում ինչ վիճակ է՝ Թբիլիսիում բնակարանն արժե մոտ 60 տոկոս ավելի էժան, մոտ կես գին արժե, պատկերացրեք՝ ինչ կարգի գնային տարբերություն կա։ Այսպիսի իրավիճակ է ստեղծվել և այս իրավիճակում հստակ տենդենց ենք նկատում վաճառքների նվազման։ Կան մեծ քաղաքաշինական պրոյկետներ, և մեծ պրոյկետում խնդիր առաջնալու դեպքում, դոմինոյի սկզբունքով, խնդիրն ամբողջ ոլորտում է առաջանալու»,-ասաց նա։