20/02/2024 12:21
Պաշտոնյաները չեն էլ թաքցնում, որ լրագրողների նկատմամբ տարբեր ֆինանսական պահանջներով ուզում են «նեղել» լրատվամիջոցին, որպեսզի «դաս լինի». Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2023 թ օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ն անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։
2019-21 թվականների համեմատ՝ 2022-23 թվականների դատական գործերի քանակը նվազել է, իսկ 2011-2017 թթ համեմատ՝ բավական բարձր է, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց փաստաբան Դավիթ Ասատրյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ զեկույցը՝ ըստ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ դատական գործերի մշտադիտարկման տվյալների։
«Դատական գործերի քանակների այս վայրիվերումները հիմնականում պայմանավորված են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, պատերազմական և դրա հետևանքով առաջացած իրադարձություններով»,-ասաց փաստաբանը։
Դավիթ Ասատրյանն ասաց, թե եզրահանգում ունեն, որ դատարանները որոշակի կաշկանդվածություն ունեն այն դատական գործերում, որտեղ պաշտոնատար անձինք հայցվորներ են հանդիսանում.
«Իրենց հայցապահանջները մերժելու կամ ոչ բավարար սահմանելու կաշկանդվածություն ունեն դատարանները, ինչը մեզ համար մտահոգիչ է»։
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն էլ հայտարարեց, թե իշխանական ատյանների ներկայացուցիչների հետ իրենց շփումները ցույց են տալիս, որ նրանք նույնիսկ չեն էլ թաքցնում, որ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարբեր հայցերով ու ֆինանսական պահանջներով ուզում են «նեղել» լրատվամիջոցին, լրացուցիչ ճնշում գործադրել, որպեսի դա «դաս լինի» և ապագայում ավելի զգույշ լինեն։
«Դա ամենևին էլ հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային, քաղաքական գործչին, որպեսզի դրամական փոխհատուցում պահանջելով՝ լրացուցիչ ճնշում գործադրի լրագրողի և լրատվամիջոցի վրա»,-ասաց Աշոտ Մելիքյանը։