20/02/2024 19:12
Իմ ձեռքով գրել և դիակի պարկի վրա ամրացրել եմ ամուսնուս անուն-ազգանունն ու հեռախոսահամարը, հետո` բռնել գաղթի ճամփան
«Մեր հայրենիքը սիրելու համար շատ թանկ վճարեցինք»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Հաթերքի բնակիչ Ծովինար Գրիգորյանը։ Նրա ամուսինը՝ Կամո Բաղիրյանը, զոհվել է ուղիղ 5 ամիս առաջ, Արցախի դեմ սկսված Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ։ Ծովինարի կողմից հետամուտ լինելու արդյունքում ամուսնու մարմինը գտնվել է ավելի ուշ և տեղափոխվել Հայաստան։
«Մենք ամուսիններով երկար տարիներ ծառայել ենք պաշտպանության բանակում։ Կամոն ավագ լեյտենանտ էր։ 2009 թվականին պայմանագրային հիմունքներով անցել էր ծառայության։ Նախքան 44-օրյա պատերազմը, վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, վերադարձել Եղնիկներ։ Սիրում էր ռազմական գործը, այդ իսկ պատճառով ծառայում էր առաջնագծային ստորաբաժանումում»,- պատմում է կինը։
Որպես պայմանագրային ծառայող՝ Կամո Բաղրյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտերին, իսկ 44-օրյա պատերազմի պատերազմի ժամանակ, լինելով արդեն հրամանատար, նրան տեղափոխել են Հաթերք։ Այստեղ նա ստացել է լեյտենանտի զինվորական կոչում։ Մարտական խնդիրներն ու ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար, 2022-ին նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։
«Կամոն սիրում էր հայրենիքը, հատկապես Արցախի լեռներն էր սիրում։ Նա շատ փոքր է եղել, երբ Կիրովաբադից նրա ընտանիքը գաղթել ու հաստատվել է Դրմբոնում։ Արմատները Վանք գյուղից են, բայց ամուսնանալուց հետո նա տեղափոխվել էր Հաթերք։ Համատեղ կյանքում ունեցել ենք 2 աղջիկ, մեր բոլոր երազանքները կապված էին նրանց հետ»,- ասում է երիտասարդ կինը։
2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ Կամոյին տեղափոխել են Հաթերքի 545 մարտական դիրք։ Այդ բարձունքը ռազմավարական նշանակություն ուներ, ուստի այդտեղ ռազմարվեստի մարդիկ էին պետք։ Ծովինարին հետո է հայտնի դարձել, որ այդ ուղղությամբ մերոնք թշնամուն հարյուրավոր կորուստներ են պատճառել։
«Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան մեր զորամասը տարհանվեց։ Կամոն այդ ընթացքում հասցրել էր խոսել երեխաների հետ, ավելի ուշ նաև ինձ հետ է կապ հաստատել, խնդրել, որ ուշադիր լինեմ, որ երեխաներին ապահով տեղ պահեմ։ Հետո ասել է, որ իր պայմանագրային ծառայողներից մեկի՝ Վանքից Ռոմա Ավետիսյանի ընտանիքի հետ կապ հաստատեմ, փոխանցեմ, որ ողջ է, իր հետ ամեն ինչ կարգին է։ Հաջորդ օրը Հաթերքն էլ է տարհանվել։ Դրանից հետո սկսվել է իմ ընտանիքի մղձավանջը»,- ասում է կինը՝ մանրամասնելով այդ օրերի ողջ դեպքերը։
Կամոն Ռոմայի հետ զոհվել է սեպտեմբերի 20-ին։ Լուրը Ծովինարին հայտնի է դարձել, երբ նա եղել է Իվանյանի օդանավակայանի տարածքում։ Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո Ծովինարն ամուսնու դին դիրքերից տարհանելու համար՝ օրեր շարունակ եղել է ՆԳՆ օպերատիվ շտաբում։
Որոնողական խմբերի վերադարձից հետո այցելել է դատաբժշկական փորձաքննության բյուրո, ուսումնասիրել բոլոր դիակները։
«Շատերի դեմքն անճանաչելի էր, փորձում էի գտնել մատների, ոտքերի, ականջների, մարմնի դաջվածքի, հագուստի նմանությամբ, մի խոսքով, չեմ գտել»։
Մի քանի անգամ տարբեր պատճառաբանություններով ադրբեջանցիները հետ են ուղարկել որոնողական խմբերին։ Սեպտեմբերի 28-ին, երբ Ստեփանակերտը համարյա դատարկ էր, փրկարարները Ծովինարի եղբոր՝ պայմանագրային Գառնիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Հաթերքի լեռներից Ստեփանակերտ են տեղափոխել Կամոյի և իր ընկերոջ՝ Ռոմայի դիերը։
«Բոլոր դիերի մեջ Կամոյի ու Ռոմայի դեմքերը ճանաչելի էին։ Տեղը բարձր էր, պահպանվել էին, հավանաբար ցրտից չէին քայքայվել։ Սպասել եմ մինչև դիահերձել են, իմ ձեռքով գրել և դիերի պարկերի վրա ամրացրել եմ իրենց անուն ազգանուններն ու մեր հեռախոսահամարները, հետո բռնել գաղթի ճամփան։ Օպերատիվ շտաբում ինձ շատ են օգնել ՆԳՆ ծառայողները, բոլոր փրկարարները, առանձնապես՝ Դավիթ Աբաղյանը»,- ասում է Ծովինարը։
Կամո Բաղիրյանը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Ծովինարն այժմ միայնակ է հաղթահարում բոլոր դժվարությունները, հոգում 11 և 13 տարեկան աղջիկների ապրուստը։
«ՀՀ Կենտրոնական բանկը մերժել է մեր ընտանիքին հասանելիք 50 հազար դրամական աջակցությունը, քանի որ բանկում ավանդ ունեմ։ Անգամ 114 թեժ գիծ եմ դիմել, պարզաբանել, որ ամուսինս զոհվել է, բայց աշխատակիցն ասել է՝ «ցավում եմ, ոչնչով չենք կարող օգնել», մինչդեռ ասում էին, որ դա զոհված զինծառայողների ընտանիքներին չի վերաբերում»,- հավելում է Ծովինար Գրիգորյանը։