20/02/2024 10:42
Սամվել Շահրամանյանն Արցախի պաշտոնյաների և թեմի առաջնորդի հետ Եռաբլուրում էր
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-ամյակի առիթով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի մի քանի պատգամավորների, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին:
1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով։
Այդ օրը Երևանում էլ սկսվեցին ցույցեր՝ ի աջակցություն արցախահայության։ Եւ ցույցերը դարձան շարունակական․ սկսվեցին հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներ Երևանում։
Իսկ ԼՂ վերամիավորման նպատակով հանրահավաքներն ու պահանջները որոշ ժամանակ անց վերածվեցին Հայաստանի անկախության համար պայքարի։
Արդեն փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Առաջին կազմը 9 հոգուց էր բաղկացած, ծագումով ԼՂ–ից գործիչներ, նաև կուսակցական ներկայացուցիչներ։ Սակայն որոշ ժամանակ անց արդեն «Ղարաբաղ» կոմիտեի կազմը փոփոխությունների ենթարկվեց, և 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան, կազմով առաջնորդեց անկախության շարժումը։