20/02/2024 22:26
«Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ»․ Հռիփսիմե Խուրշուդյանը դժվարությամբ է պատկերացնում կյանքն՝ առանց մեծ սպորտի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան: Նա բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում։
«Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը (մարզիչը-խմբ․) ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Խուրշուդյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ:
«Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը: Մի կողմից ուրախության արցունքներ են, մյուս կողմից տխրում եմ ու մտածում՝ երանի կրկին 20 տարեկան լինեի ու նորից մրցահարթակ դուրս գայի»,-ասել է նա: