21/02/2024 16:37
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան. Զատուլին
ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի հայերին պատմական և մշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք կտա. NSN-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ներկայիս պայմանները ընդունելի չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց ինքնին վերադարձը և այն փաստը, որ հարյուրավոր տարիներ հայեր են ապրել Լեռնային Ղարաբաղում, չեն կարող անտեսվել: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհի աչքում քաղաքակիրթ երևալու բարի կամք ու ցանկություն ունի, պետք է այդ մասին մտածի։ ՌԴ խաղաղապահները պետք են, քանի որ սա վերադարձողների համար որոշակի երաշխիք է և պատմամշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք»,- նշել է պատգամավորը։
Զատուլինը նաև նշել է, որ արցախահայերը չեն ցանկանում վերադառնալ այնտեղ, քանի որ այնտեղ ապրելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ադրբեջանական անձնագիր։ Ըստ նրա՝ արցախցիները մտահոգված են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո հետագայում ստիպված են լինելու պայքարել ՀՀ ԶՈւ-ի դեմ։
«Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ Ադրբեջանի քաղաքացիությունը իրենց վրա տարածելու փորձը կարող է հանգեցնել նրան, որ արական սեռի բնակչությունը զորակոչվի ադրբեջանական բանակ: Հաշվի առնելով ներկայի հակամարտությունը, այդ թվում՝ սահմանային միջադեպերը, ԼՂ բնակիչները չեն ընդունի դա»,- ամփոփել է խոսքը Զատուլինը։