21/02/2024 20:37
«Պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի հետ նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչն էական է տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար»․ Փաշինյան
Պաշտպանության ոլորտում մենք, ըստ էության, նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչը էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար, Փարիզում ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև Ֆրանսիայի հետ Հայաստանի համագործակցությանն ուղղված՝ Ադրբեջանի քննադատություններին։ Կրկին ընդգծեց՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Հայտնի է, որ կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, և այս առումով
ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել, քանի որ մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն ու միայնումիայն ՀՀ լեգիտիմ, ինքնիշխան տարածքը պաշտպանելն է»,- ասաց Փաշինյանը։