21/02/2024 15:24
«Մամա, մեռնում եմ, փրկեք ինձ»․ 14-ամյա աղջիկը հրետակոծության ժամանակ հիվանդություն է ձեռք բերել
Լորետտա Աղաջանյանը Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից է տեղահանվել։ Ընտանիքով այժմ ապաստանել են Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմել է իր տեսած պատերազմի մասին։
Սեպտեմբերի 19-ին երբ հրետակոծվում էր Կիչանը, նրա 14-ամյա դուստրը՝ Միլենա Սարգսյանը արկերի ձայնից վախեցել և ուշաթափվել է։ «Այդ օրը դպրոցում էին։ Կեսօրին, նախքան պատերազմը զինվորականներ են եկել դպրոց, ուսուցիչներին զգուշացրել, որ իրավիճակը պայթյունավտանգ է, երեխաներին տուն ուղարկեն։ Երբ հասան տուն, երեխաներս ասացին՝ «մամ, կռիվ է սկսվելու, մեզ բաց են թողել»։ Ինձ համար դա ակնհայտ էր, որ ինչ որ բան սպասվում է, քանի որ եղբայրներս՝ Լեմբերտն ու Լենսերը ՊԲ և աշխարազորային ուժերում էին ծառայում, օրերով դիրքերում էին»,- պատմել է մեր զրուցակիցը։
Շատ չանցած Կիչանում լսվում են առաջին պայթյունները։ Լորետտան ասել է, որ միաժամանակ կրակել են և՛ զորամասի, և՛ գյուղի ուղղությամբ, կրակ էր թափվում բանուկ ճանապարհահատվածներին, այնպես, որ բնակչությունը չի էլ կողմնորոշվել, որ ուղղությամբ փախչի, ինչպես փրկվի։
«Երբ աղջիկս տեսավ այս քաոսը, միանգամից ուշաթափվեց։ Գյուղում ամենաապահովը մեր համագյուղացի Սերժիկենց տան պադվալն էր։ Հազիվ հասանք այնտեղ։ Կրակը չէր դադարում, Միլենայիս վիճակը գնալով ավելի էր սրվում, ժամանակ առ ժամանակ վատանում էր, դողում, շունչը չէր հերիքում։ Դա մի անբացատրելի իրավիճակ էր»,- հիշել է Լորետտան՝ նշելով, որ դուստրը ֆիզիկապես այնքան ուժեղ է եղել, որ թեթև ատլետիկայի օլիմպիադաներում միշտ պատվավոր տեղ էր զբաղեցրել, հաճախում էր նաև պարի խմբակ, կոփված աղջիկ էր։
Վախից Միլենան հիվանդություն է ձեռք բերել, իսկ մայրը՝ անորոշության մեջ չգիտեր ինչպես փրկեր դստերը։
«Ասում էր՝ «մամա, փրկեք ինձ, մեռնում եմ»։ Դուք հասկանո՞ւմ եք իմ վիճակը։ Նույնիսկ մեկ րոպեով գլուխներս չէինք կարողանում հանել, գոնե իմանանք մեր գյուղում ինչ դեպքեր են տեղի ունեցել։ Երեկոյան Սերժիկ դային եկավ ու ասաց՝ արագ դուրս եկեք, թուրքերը Սրխեվանդը գրավել ու առաջանում են դեպի գյուղ, գնացեք Առաջաձոր։ Առանց մեր տներից մի բան վերցնելու, 7 ընտանիքով նստել ենք «ֆորդ» մեքենան ու ճանապարհվել։ Ինձ հետ երեխաներս էին, հիվանդ մայրս ու հաշմանդամ քույրս։ Պատասխանատվությունն ինձ վրա էր։ Մենք գիտեինք, որ եթե կրակեն մեքենայի ուղղությամբ պիտի մտնենք անտառներ ոտքով գնանք։ Մեր գյուղացիների մեծ մասը ոտքով է հասել Առաջաձոր»։
Այդ ընթացքում Լորետտան անընդհատ հանգստացրել է դստերը, որ Առաջաձոր հասնելուց հետո ամեն բան լավ կլինի։ Սակայն, հաջորդ օրը առաջաձորցիների հետ Կիչանի ու Նոր Ղազանչիի բնակիչները ևս տարհանվել են։
«Մեզ տարել են Իվանյան, ռուսների կենտրոնակայան։ Երբ հրթիռակոծվեց Իվանյանի զորամասը, աղջիկս էլի վատացավ, այս անգամ շատ ավելի վատ էր, ինձ թվաց նույնիսկ չի շնչում։ Ճչում էի, օգնություն էի խնդրում, ոչ մի խաղաղապահ չմոտեցավ։ Էնքան մարդ կար այդ տարածքում։ Մի տղամարդ մոտեցավ, կարծեմ երևանցի էր, արագ Միլենկայիս լեզուն հանեց, կուլ էր տվել, առաջին օգնություն ցուցաբերեց ու բարձր գոռաց ռուսների վրա, որ գոնե երեխային փրկեք, մեռնում է։ Ռուսները եկան երակային միացրեցին, երեխայիս գույնը վերականգնվեց»,- արտասվել է արցախցի կինը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։