21/02/2024 17:13
ԱՄՆ-ն և Իսրայելը «Իսլամական պետությանն» օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնելու համար․ Իրանական հետախուզություն
ԱՄՆ-ն և Իսրայելը «Իսլամական պետություն» խմբավորմանն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնելու համար, հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խատիբը։
«Իշխանությունից զրկված «Իսլամական պետությունը» թափառում է տարածաշրջանով մեկ, իսկ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը օգտագործում են նրան՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,- Խատիբի խոսքերն է մեջբերել IRNA գործակալությունը։
Հետախուզության նախարարն ասել է նաև, որ այն երկրները, որտեղ Իրանի հետախուզական ծառայությունների կողմից անցկացված վերջին գործողության ընթացքում հայտնաբերվել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալները, շուտով կհայտնեն ահաբեկիչների անունները։
Փետրվարի 2-ին Իրանի հետախուզության նախարարությունը տեղեկացրել էր, որ իր հետախուզական ծառայությունների հատուկ գործողության արդյունքում 28 երկրներում հայտնաբերվել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալներ։ Բոլոր այն երկրներին, որոնց հետ Իրանը հետախուզական տեղեկատվություն է փոխանակում, տեղեկություններ են տրամադրվել իրենց տարածքում գտնվող գործակալների մասին։