22/02/2024 18:57
Հիպերակտիվ երեխաներ․ Պե՞տք է արդյոք օգնություն խնդրել մասնագետներից
Երբեմն ծնողները երեխայի մոտ «տարօրինակ» աշխուժություն են նկատում․ նրա համար շատ դժվար է նստած մնալ մի տեղում, նա շատ է շարժվում, աղմուկ է բարձրացնում, պտտվում, խոսում է շատ բարձր, խանգարում է մյուս երեխաներին և մեծերին:
Նման երեխաները անվարժ են իրենց շարժումներում, վատ համակարգվածություն ունեն, թույլ մկանային կառավարում, ուստի ամեն ինչ գցում են, կոտրում, հաճախ սայթաքում ու ընկնում։ Երեխայի համար շատ դժվար է կենտրոնանալ մի բանի վրա, նա հեշտությամբ շեղվում է, շատ հարցեր է տալիս, բայց պատասխանի չի սպասում, անմիջապես այլ բանով է զբաղվում, ինչից նույնպես արագորեն հրաժարվում է։ Այս ամենը տեղի է ունենում կարճ ժամանակահատվածներում։ Երբեմն թվում է, թե երեխայի էներգիան բավական է միանգամից մի քանի մարդու, ուստի այս երեխաներին անվանում են հիպերակտիվ, իսկ երևույթը՝ հիպերակտիվություն։
Ծնողները երեխայի այսպիսի ակտիվության առաջին նշանները նկատում են նրա վաղ տարիքում։ Իհարկե, բոլոր աշխույժ ու էներգիայով լեցուն երեխաները չեն, որ հիպերակիտվ են համարվում կամ դասվում նյարդային համակարգի խանգարումներ ու նյարդային հիվանդություններ ունեցողների շարքում։
Սակայն եթե նկատվող հիպերակտիվությունը հնարավոր չէ ինքնուրույն հաղթահարել, երեխանշատ դյուրագրգիռ է, իմպուլսիվ և այլն, ապա անհրաժեշտ է օգնություն խնդրել մասնագետներից։
Հիպերակտիվությունն, ըստ տարբեր հետազոտությունների, խոչընդոտում է երեխաների սոցիալական ադապտացիային։ Այս համախտանիշը տղաների մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների։
Խնդրի սկզբնական դրսևորումները երբեմն նկատվում են կյանքի առաջին տարում: Նման երեխաները չափազանց զգայուն են տարբեր գրգռիչների նկատմամբ (օրինակ՝ արհեստական լույսի, ձայների, խնամքի հետ կապված՝ մոր տարբեր գործողությունների և այլն)։ Փոքրերի մոտ խնդիրն արտահայտվում է բարձր լացով, քնի խանգարումներով (քնելու դժվարություն, կարճ քուն)։ Որոշ երեխաներ կարող են նաև հասակակիցներից մի փոքր ավելի ուշ զարգանալ, օրինակ՝ 1-2 ամիս ուշ սկսել խոսել։
Երեխայի կյանքի առաջին տարիներին ծնողների հիմնական մտահոգությունը երեխայի չափից դուրս շարժունակության հետ է կապված լինում, նաև շարժումների՝ ոչ կանոնակարգվածության հետ (շարժողական անհանգստություն): Նման երեխաներին զննելիս բժիշկները նկատում են նաև խոսքի զարգացման ուշացում։
Երեք տարեկանը, նույնիսկ նորմալ ընթացող զարգացման դեպքում, առանձնահատուկ է երեխայի համար․ այս տարիքում ակտիվորեն զարգանում է ուշադրությունն ու հիշողությունը, մյուս կողմից՝ նկատվում է զարգացման առաջին ճգնաժամը։ Այս շրջանի հիմնական խնդիրներ են՝ նեգատիվիզմը, համառությունն ու կամակորությունը՝ ինքնուրույնությանը և ակտիվության աճին զուգընթաց։ Երեխան այս տարիքում սկսում է ակտիվորեն պաշտպանել իր վրա՝ որպես անձի, ազդեցության սահմանները, ընդգծվում է նրա «ես»-ը։
Հետևաբար, հաճախ 3-4 տարեկանում ծնողները փոքրիկի աշխույժ վարքագիծը նորմալ են համարում և չեն դիմում բժշկի, և հիպերակտիվությունը որպես խնդիր են դիտարկում միայն այն դեպքում, երբ կողմնակի անձինք սկսում են բողոքել երեխայի անվերահսկելիությունից, վարքից։
«Անսպասելի» դրսևորումները բացատրվում են հիպերակտիվ երեխայի նյարդային համակարգի անկարողությամբ՝ հաղթահարելու ֆիզիկական և մտավոր սթրեսի ավելացման ֆոնին նրա վրա դրված նոր պահանջները։
Պետք է նկատի ունենալ, որ երեխան լիովին չի կանխատեսում իր վարքի հետևանքները, չի ճանաչում հեղինակությունների, ինչը կարող է հանգեցնել հակասոցիալական արարքների՝ դեռահասության շրջանում, երբ առաջնային է իմպուլսիվությունը, երբեմն՝ զուգորդված ագրեսիվության հետ:
Ծնողները, ովքեր կասկածում են, որ երեխայի մոտ որոշ խանգարումներ կան, պետք է այցելն նյարդաբանի կամ հոգեբանի մոտ, քանի որ երբեմն այս խնդրի քողի տակ թաքնված են լինում այլ, ավելի լուրջ հիվանդություններ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ