22/02/2024 23:07
Սալմոնելոզ․ Ինչպե՞ս է փոխանցվում
Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորմամբ և կլինիկական բազմազանությամբ։
Հատկապես վտանգավոր են այն վարակվածները, ովքեր աշխատում են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում:
Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։
Հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, երշիկեղենում, ձվի մեջ և սառեցված մսեղենում։
Սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ շարունակ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում պահպանում են կենսունակությունը։
Վարակը կարող է փոխանցվել նաև խոհանոցային սպասքի, դռան բռնակի և այլ պարագաների միջոցով։
Հիվանդության թաքնված շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են ավելի բուռն։
Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել վարակի ձեռքբերման առաջին իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։
Որպես կանոն ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ:
Սալմոնելոզով վարակվելու ռիսկը մեղմացնելու համար պետք է հետևել կանխարգելման կանոններին.
Օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու։
Նախընտրելի է ձեռք բերել գործարանային փաթեթավորված մթերքներ, որոնք ենթարկված են համապատասխան ստուգումների։
Թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր անհրաժեշտ է լվանալ առատ և հոսող ջրով։
Սառնարանում հում սննդամթերքը առանձնացնել եփածից։
Խմել միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործել միայն եռացնելուց հետո։
Չլողալ կասկածելի ջրամբարներում։
Մշտապես լվալ ձեռքերը՝ հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո։
Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:
Դիմել համապատասխան բժշկի օգնությանն ու հետևել բոլոր ցուցումներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ