22/02/2024 12:30
Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր թիկնապահի ձերբակալմանը։
Նա նշեց, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ստացել փետրվարի 20-ին. «Այդտեղ նշված է, որ իրենք ստացել են 2023 թվականի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ գրությունը, որտեղ ես ասել եմ, որ Արցախի քաղաքացիների նկատմամբ դրսևորվել են խախտումներ՝ հիմնականում ֆինանսական ոլորտում, և ես խնդրել եմ իմ գրությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակներում ինձ որպես վկա հրավիրել են հարցաքննելու»։
Նա նշեց, որ իրենց համար շատ կարևոր է այդ հարցերի պատասխանները ստանալը և եթե կան մեղավորներ, ապա նրանք անպայման պետք է պատժվեն.«Տարբեր խախտումների մասին է խոսքը»։
Անդրադառնալով իր թիկնապահի մեքենայում հայտնաբերված թմրանյութին՝ Շահրամանյանը նշեց.«Կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին` շատ կարճ ժամանակահատվածում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Բոլորս ականատես ենք եղել դրան։ Մեծ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը` 20 հոգով, դիմակավորված, քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ և ձերբակալել նրան նախագահին սպասարկող մեքենայի միջից, կարծում եմ, որ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, և մենք առաջիկայում կստանանք այդ հարցերի պատասխանները։ Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնվեն լուծումներ` Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար։ Իմ կարծիքով, եթե այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության էր հրավիրել։