22/02/2024 19:34
Հայ-ռուսական հարաբերությունները սկիզբ են առել դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակներից․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, մասնագիտությամբ՝ պատմաբան Էդուարդ Շարմազանովը կարճ պատմական ակնարկ է արել՝ գրելով․
«Թուրքմենչայի պայմանագրի կնքումն ու Հայկական մարզի կազմավորումը հնարավորություն տվեց հետագայում հայոց անկախ պետականության վերականգնման համար։
1828-ի փետրվարի 10/22/-ին Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որի արդյունքում Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։
Հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորումը դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակներից է։
Այդ ժամանակաշրջանում մեր պետությունների միջև հիմք են դրվում տնտեսական կապերի, որոնց մասին իր աշխատություններում նկարագրել է 11-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը։
Այդ կապերի մասին գրել է նաև ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը։
18-րդ դարից հայ-ռուսական հարաբերությունները նոր՝ քաղաքական երանգ են ստանում։
Հենց այդ ժամանակաշրջանից հայոց աշխարհիկ և հոգևոր ընտրանին Հայոց պետականության վերականգնումը կապում է նաև Ռուսասատանի օժանդակության հետ։
Այդ գաղափարների կրողներն էին Հովսեփ Էմինն ու Շահամիր Շահամիրյանը:
Այդ փուլում Ռուսական պետության ներկայացուցիչները կապեր են հաստատում ռուսահայոց թեմի հոգևորականների հետ՝ նպատակ ունենալով նպաստել Հայոց պետականության վերականգնմանը։
Այդ գործում իր մեծ ավանդն ունեցավ հռչակավոր զորավար Ալեքսանդր Սուվորովը, ով մայրական կողմից հայկական արմատներ ուներ։
Սուվորովին գրված նամակում առաջարկվում էր վերականգնել Հայոց թագավորությունը ՝ Երևան մայրաքաղաքով։
Հայ ժողովրդի զավակները լուրջ մասնակցություն ունեցան նաև 1812 Հայրենական պատերազմին։
Պատերազմի հերոսներ դարձան հայազգի գեներալներ Դավիթ Դելյանովն ու Վալերիան Մադաթովը։
1828-ի ձմռանը ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը. կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։
Երևանի և Նախիջևանի խանությունները միացան Ռուսաստանին։
Մինչ այդ ՝1813թ., Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին էին միացել Լոռին,Տավուշն ու Ղարաբաղը։
Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, 1829թ.մարտին Երևանի ու Նախիջևանի խանությունների տարածքում ձևավորվեց Հայկական մարզը, որն ուներ իր զինանշանը՝ Արարատ սարով ու Նոյան տապանով, ինչպես նաև Էջմիածնի պատկերով։
Ռուսներն այդ տարածքին տվեցին Հայկական մարզ անվանումը, որտեղ բանալի բառը Հայկականն է։
Եվ այս փաստը պետք է կոխել ադրբեջանցիների աչքը, երբ փորձում են խոսել իրենց տարածքային պահանջներից։
Բայց դե՝ «նոքյարն իր էֆենդիին» ի՞նչ կարող է ասել։
Դրա համար սրանց պետք է հեռացնել, որ և՛ Հայաստան լինի, և՛ հայ-ռուսական դաշինքը, որը բխում է մեր ժողովրդի կենսական շահերից»։