22/02/2024 14:41
«Վստահ եմ՝ գործողություններ կլինեն». ՀՀ փոխվարչապետը՝ ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու մասին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանը գործողությունների կդիմի Մոսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցի մարդասպանի հարցով։
«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փոխվարչապետի խոսքով՝ հարցի հետ կապված կոլեգիալ քննարկում պետք է լինի։
«Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանք՝ կխոսենք»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քանիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նա կվերադառնա Բաքու։
Վերջինիս նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում է հայտարարված։
Նշենք, որ ադրբեջանցի բլոգերը, ով 2020 թվականին Արցախում հայի էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Նա 2020թ հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։