22/02/2024 16:07
Ստացվել է ադրբեջանցուն Հայաստան հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը. այն ուղարկվել է ՌԴ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված, հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք՝ Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քանիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նա կվերադառնա Բաքու։
Վերջինիս նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում է հայտարարված։
Նշենք, որ ադրբեջանցի բլոգերը, ով 2020 թվականին Արցախում հայի էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Նա 2020թ հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։