22/02/2024 15:26
«Հարավային Կովկասում այժմ առաջին տեղում ենք». Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում կիսվել է Հայաստանի հաջողություններով
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Փետրվարի 22-ի առավոտյան վարչապետն այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել են. աճը 90 տոկոսից ավելի է: «Սա նշանակում է, որ երկրում ստվերի կրճատման և մրցակցության իրավիճակի բարելավման շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել: 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 8,7 տոկոս, ինչն ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: 2022-ին մեր տնտեսական աճը եղել է 12,6 տոկոս, 2021-ին՝ 5,6 տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն արձանագրել է, որ աշխատատեղերի էական բարելավում է տեղի ունեցել: «2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 180 000 նոր աշխատատեղ: Եվ սա ընդհանուր աշխատատեղերի թվի մեջ մոտավորապես 30 տոկոս աճ ունի: 2023 թվականն էական էր նաև նրանով, որ մենք՝ մեկ մարդու հաշվով, ՀՆԱ ցուցանիշով էական առաջընթաց ունեցանք, և Հարավային Կովկասում, ըստ էության, այս ցուցանիշով այժմ առաջին տեղում ենք:
Իհարկե, մեզ համար շատ էական և կարևոր են այն ներդրումները և տնտեսական համագործակցությունը, որ ունենք Ֆրանսիայի հետ: Իհարկե, արդեն նշվեց «Պեռնո Ռիկար»-ի բավականին երկարատև և նկատելի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, և նաև մի շարք այլ ընկերություններ գործում են Հայաստանի բանկային համակարգում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործում: Ուզում եմ նշել «Վեոլիա» ընկերության ներկայությունը Հայաստանում: Եվ մենք վերջերս քննարկում էինք, որ ջրային ոլորտում մեր համագործակցությունը պետք է ակտիվացնենք և խորացնենք: 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով խնդիր է դրվել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և մենք հույս ունենք, որ նաև Ֆրանսիայից նոր ընկերություններ կգան Հայաստան, գործունեություն կծավալեն ամենատարբեր ոլորտներում, որովհետև 7 տոկոս տնտեսական աճի ամբիցիոզ ծրագիրն իրականացնելու համար մեզ համար նաև աջակցություն է պետք»,- նշել է վարչապետը: